Երեւանի 130 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտների ուշադրության կենտրոնում իրենց նոր դասընկերն է։ Ամեն ինչ անում են, որ 9-ամյա Ասյան իրեն խորթ չզգա նոր միջավայրում։ Արցախցի աղջնակը երկրորդ օրն է՝ ինչ այս դպրոց է հաճախում.  ժամանակավորապես,  մինչեւ տուն՝ Ստեփանակերտ կվերադառնա։ 

Ասյան այսօր նոր դասագրքեր ու տետրեր է ստացել։ Ուշադրությամբ դասին է հետեւում, շփվում նոր դասընկերների հետ, բայց  մտքում սիրելի դպրոցն ու դասընկերներն են։

«Ես իրենց հետ միշտ կապի մեջ եմ լինում, բայց ուզում եմ գնալ ու նրանց տեսնել։ Կարոտել եմ մեր տունը, իմ բարեկամներին»,– ասում է 9-ամյա Ասյան։

«Փորձում ենք այնպես անել, որ Ասյայի աչքերի թախիծը վերանա՝ գոնե ժամանակավորապես, դպրոցում լինելու ժամանակ։ Կարոտում է իր դասընկերներին, բայց մեր դասարանի երեխաները շատ ընկերասեր են, փորձում են լրացնել այն բացը, որը կա բալիկի մոտ։ Ասյան շատ կենսուրախ, բանիմաց բալիկ է»,– նշում է դասվարը՝ Մետաքսյա Բաբաջանյանը։

Ասյան արդեն մեկ ամիս է՝ մայրիկի հետ Երեւանում է բնակվում։ Ճանապարհի փակ լինելու պատճառով տուն չեն կարողանում վերադառնալ։

Արցախցի շուրջ 300 երեխա կա, որոնք այս օրերին զրկված են ոչ միայն իրենց հարազատ դպրոցում սովորելու, այլեւ ընտանիքի հետ լինելու հնարավորությունից։ Նախօրեից նրանք հաճախում են Երեւանի եւ Գորիսի դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններ։

Երեւանում երկու տասնյակից ավելի երեխա կա, մեծ մասն առանց ընտանիքի՝ խմբավարի հետ է այստեղ մնացել։ Նրանք եկել էին «Մանկական Եվրատեսիլը» դիտելու, երբ ճանապարհը փակվեց։ Այս խմբում ամենափոքրիկը 9 տարեկան է, բոլորն էլ երեկվանից դպրոց են գնում։

«Մեր խնամքի տակ 14 երեխա կա, շատ դժվար էր իրենց համոզել, որ դպրոց գնան, խոսեցինք, բացատրեցինք, հասկացան, որ ր պետք է գնան, ուսումը շարունակեն։ Ուզում էին իրենց հարազատ դպրոցում դասի գնալ, իրենց դասընկերների հետ»,– նշում է Երեւանում մնացած երեխաների խմբավար Անահիտ Գաբուզյանը։

Երեխաների մեկ այլ՝ 7 հոգանոց խումբ էլ պարուսույցի հետ Գորիսում է սպասում ճանապարհի բացվելուն։ «Ասպարեզ» պարի ստուդիայի սաներն են,  Վրաստանից մրցանակ շահած Արցախ էին վերադառնում։ Նրանք նույնպես երեկվանից հաճախում են Գորիսի դպրոցներից մեկը։

Արցախի կրթության նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, որը Գորիսում է մնացել ու այս օրերին պարբերաբար երեխաների հետ է ժամանակ անցկացնում, ասում է՝ դպրոց գնալու լուրը  փոքրիկների  մոտ կոտրել է հույսը, որ տան ճանապարհը շուտ կբացվի։ 

«Եթե ճիշտը խոսենք, ապա ի սկզբանե մի քիչ տխրել էին, որովհետեւ մտածում էին, որ եթե դպրոց են գնում, ուրեմն երկար կտեւի դա, բայց հետո հարմարվեցին, պետք է գնալ դպրոց եւ ուսումը շարունակել»,– ասում է Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը։

Արցախում հունվարի 9–ից պետք է վերսկսվեր դպրոցների եւ մանկապարտեզների բնականոն աշխատանքը։ Ճանապարհի փակման պատճառով առաջացած սննդամթերքի պակասի հետեւանքով առայժմ փակ կմնան մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը։