Այն գաղափարը, որ ռուսները պարտավորություն են ստանձնել եւ թող այն կատարեն, իսկ մենք ոչ մի կապ չունենք, լավը կլիներ, եթե հնարավոր լիներ։ Ռուսաստանի շահերն այս գործում, Հայաստանի ու առավել եւս ԼՂՀ շահերը 100 տոկոսով չեն համընկնում, դրանք չեն կարող 100 տոկոսով համընկնել, քանի որ Լաչինի միջանցքի նշանակությունը Հայաստանի եւ Ռուսաստանի համար, մեղմ ասած, շատ տարբեր է։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նպատակն այն է, որ իրեն չշեղեն Ուկրաինայից, այսինքն՝ այնպես անեն, որ մնացած ուղղություններով քիչ թե շատ պարկեշտ լինի եւ որ իրեն չշեղեն։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի համար գինը 120 000 մարդու կյանք է, եւ եթե իրավիճակը վատթարանա, ապա խոսք կլինի էթնիկ զտումների մասին։  

«Եթե խոսենք նոյեմբերի 9-ի հայտարարության եւ օրենքի տառի մասին, ապա խոսքը հայտարարության մասին է, որը ստորագրվել է ոչ թե երկու, այլ երեք երկրների ղեկավարների կողմից։ Իհարկե, այն պարտականությունները, որոնք ստանձնել են ռուս խաղաղապահները, ներառում են բեռների եւ մարդկանց անարգել առաջխաղացում այսպես կոչված Լաչինի միջանցքով։ Այդ պարտականությունները նրանք չեն կատարում, համենայն դեպս, այս պահին։ Հիմա խնդիր կա, եւ այդ խնդիրն այն է, որ այն պարտավորությունները, որոնք ստանձնել են ռուս խաղաղապահները, չեն կատարվում։ Սա, իհարկե, խնդիր է ընդհանրապես հայերի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հայերի համար։ Կարելի է ասել ամեն ինչ, բայց պետք է աշխատել այդ հարցի շուրջ եւ օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի այս իրավիճակն ինչ-որ կերպ լուծվի։ Երբեմն լուծելու համար պետք է ինչ-որ բաներ ասել, սակայն պետք է աշխատել»,-ասաց Իսկանդարյանը։

Փորձագետը եւս մեկ անգամ կրկնեց, որ Ռուսաստանի առաջնահերթությունները նույնը չեն, ինչ Հայաստանի առաջնահերթությունները, դրանք տարբեր են։