Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ շփումների մասին խոսում են եւ Ադրբեջանի ղեկավարը, եւ Ղարաբաղի իշխանությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե ինքը գիտի՞, թե ովքեր են բանակցողները, քանի որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ բանակցություն չկա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Երեւի Ռուբեն Վարդանյանն իրեն նկատի ունի, որովհետեւ իր հետ չեն բանակցի՝ հաշվի առնելով հայտարարությունները: Ես հիմա բանակցողի անուն չեմ տա, չեմ էլ կարող, որովհետեւ մինչեւ վերջին ժամանակները ե սգիտեի ով էր խոսում, ինչպես էին խոսում: Նաեւ Արցախի նախագահի հետ կապ կար, տարբեր խողովակներով այդ խոսակցությունը գնում էր: Չէր էլ կարող չլինել: Պարզ է, որիրենք ինչ-որ ձեւով շփվում են, խոսում են: Այս պահին որեւէ ձեւով շփում չկա, ադրբեջանցիները որեւէ ձեւով կապի դուրս չեն գալիս Լաչինի միջանցքի բացման հետ կապված: Շփում կար մինչեւ Լաչինի միջանցքի հետ կապված խնդրի կեսը, առաջին 15 օրվա ընթացքում այդ շփումները եղել են»:
Անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան «արեւմտյան Ադրբեջան», Զանգեզուր, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե որեւէ մեկն ուզում է ինչ-որ տեղ վերադառնալ, պետք է ատելության խոսքը վերացնի: Երկրորդը, մենք պետք է խոսենք Սումգայիթ ու Բաքու վերադարձող հայերի մասին: Ադրբեջանի նախագահը պետք է հիշի, որ ադրբեջանցիները, որոնք պատերազմի պատճառով լքել են Հայաստանը, ջարդերի չեն ենթարկվել, սպանություններ չեն եղել, ինչը տեղի է ունեցել Սումգայիթում, Բաքվում: Եթե իրենք իրենց դպրոցներում սովորում են, որ մենք թշնամի են, ո՞ւր են վերադառնալու: Կարծում եմ՝ սա ավելի շատ ներքին լսարանի եւ արտաքին լսարանում ինչ-որ հայելային տարբերակ ստեղծելու համար է ասվում: Ինքը փորձոըւմ է ամեն ինչ հայելային ստանա եւ պրոյեկտի դա Հայաստանի վրա: Չեմ կարծում, որ դա հաջողությամբ կավարտվի»:
Անդրադառնալով նրան,թ ե ինչու ռուս խաղաղապահներին չի հաջողվում բացել Լաչինի միջանցքը, եւ արդյոք այդ հարցը քննարկում են ռուս գործընկերների հետ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այո, քննարկում եմ ու դա իրենց դուր չի գալիս: Որեւէ առարկայական բան չեն ասում: Ասում են՝ կանենք, կանենք: Էս արդեն 2 տարի է պատերազմից հետո ասում են՝ հեսա կլուծենք: Չկա որեւէ հանդիպում, որ մենք Արցախի հարցը չբարձրացնենք: Այո, մեր կողմից կա հարց, պահանջ, որը մինչ այս պահը անպատասխան է մնում: Ես վստահեցնում եմ, որ ռուսաստանյան խոհանոցներում խոսվում է այն մասին, որ մենք Հայաստանին մենակ ենք թողել եւ սա հասկանալի է»:











