Մեր եւ իշխանության դիրքորոշումները ֆունդամենտալ տարբերություն ունեն, իրենք Ղարաբաղը հանձնել են Ադրբեջանին, եւ դա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանը հանցավոր գործողությունների է դիմում եւ փակում Լաչինի միջանցքը: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Եթե իշխանության դիրքորոշումն այն է, որ ղարաբաղցիները Ադրբեջանի մաս են կազմում որպես քաղաքացիներ, թող իրենք իրար մեջ որոշումներ կայացնեն, խնդիրները լուծեն, այդ դեպքում Ադրբեջանը գնում է հանցավոր գործողությունների, լաչինի միջանցք է փակում, վաղն էլ Ստեփանակերտ են մտնելու: Սրանց մոտեցումը հետեւյալն է, ասում են՝ Ղարաբաղը զիջենք, որ Հայաստանի ինքնիշխանությունը պահենք, բայց նաեւ ասում են՝ դա էլ երաշխիք չի: Վտանգավոր տեսակետ հնչեց, որ Հայաստանի շահերը կարող են հակասել Արցախի շահերին, եւ իրենց հետաքրքրում է  բացառապես ՀՀ շահը: Թվում է՝ անտեղյակ մարդու համար նորմալ բան են ասում, ասում են՝ մենք պայքարում ենք ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար եւ եթե դրա գինը Ղարաբաղն է, իրենք պատրաստ են տալ: Բայց  ամբողջ խնդիրն այն է, որ նույնիսկ դա չի աշխատում: Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոստովանում, որ ինքը երաշխիք չունի, որ Ադրբեջանը կհանգստանա Արցախով: Ինքն ասում է՝ Ադրբեջանն ամբողջ Հայաստանն է պահանջում, ու ճիշտ է ասում»,-ասաց Թեւանյանը:

Նրա խոսքով, այս պայմաններում թշնամական հարաբերություններ հաստատել նաեւ Ռուսաստանի հետ, հակառուսական հայտարարություններ անել, Իրանի հետ գրեթե զրոյական մակարդակի հայտարարություններ հաստատել, սա նշանակում է, որ գործ ունենք մեկ մարդու հետ, ով կոնկրետ իր անձնական խնդիրներն է լուծում:

«ՔՊ-ի այն անդամները, որոնք պշտպանում են Նիկոլ Փաշինյանի տեսակետները, չգիտեն, որ իերնք անհատական պատասխանատվություն են կրելու այս իրենց դիրքորոշման համար: Մեզանում պատրաստվում է մի նոր Տիխոնովսկայա, որը հետագայում կարող է մի երկրում հանգրվանել, իր անձնական անվտանգությունն ապահովել, իսկ թե ինչ կլինի երկրի հետ, այդ տնաբույծ Տիխոնովսկայային չի հետաքրքրում: Սա է ամենամեծ վտանգը»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց, որ դրա համար իրենք առաջարկել են քվեարկությունից հանել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող ընդդիմության հայտարարության նախագիծը. «Դա միջազգային խայտռակություն կլիներ, որ Հայաստանի ԱԺ-ն պաշտպնում է Ադրբեջանի դիրքորոշումը, եթե հայտարարությունը կողմ ձայներ չի հավաքում:Մենք կլրամշակենք տեքստը եւ նորից կներկայացնենք»,-ընդգծեց նա: