Տիկին Սոնիկը Երեւանի 17 պոլիկլինիկայում այսօր գրիպի դեմ պատվաստվող առաջին պացիենտն էր։ Ամեն տարի պատվաստվում է գրիպի դեմ, բայց այս անգամ պատվաստումն ուշացրել էր, կարծում է՝ հենց դրա պատճառով էր, որ հիվանդության ընթացքը ծանր է եղել։ 

«Մի ամիս առաջ շատ վատ էի, ջերմություն ունեի, հազ, հիմա մի քիչ փոփոխություն կա, ավելի շուտ պետք է պատվաստվեի, բայց չստացվեց։ Ամեն տարի պատվաստվում եմ, փոփոխություն լինում է, բայց էս տարվա գրիպը շատ ուժեղ էր»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է Սոնիկ Միքայելյանը։

Պոլիկլինիկայում առավոտյան ժամերին սուր շնչառական հիվանդություններով պացիենտների հոսքը մեծ չէ, իսկ կեսօրից սկսած այստեղ ասեղ գցելու տեղ չի լինում՝ ասում են բուժաշխատողները, որոնք այս օրերին աշխատում են ծանրաբեռնված։

«Դեռ հոկտեմբերին ՀՎԿԱԿ-ից ստացել էինք 1500, ապա 300 դեղաչափ գրիպի պատվաստանյութ, այսօրվա դրությամբ մնացել է 200։ Սկզբում օրական պատվաստում էինք 50, 60 անձի, հունվարի 11–ի դրությամբ ունեցել ենք մինչեւ 30 պատվաստվող։

Սուր շնչառական վարակների դեպքում խորհուրդ ենք տալիս կանչ գրանցել, որպեսզի բժիշկներն այցելեն տուն, վարակը չտարածվի։ Իհարկե պոլիկլինիկայում ունենք մեկուսարաններ, որտեղ պացիենտները զննվում, եւ համապատասխան բուժօգնություն են ստանում։ Շաբաթական առանձնացված երկու օր ունենք պատվաստումների համար, մարդկանց հոսքերն անջատում ենք, որ հիվանդներն առողջների հետ չշփվեն»,– ասում է Երեւանի 17 պոլիկլինիկայի մանկության գծով փոխտնօրեն Անահիտ Պիվազյանը։

Այս սեզոնին, ըստ Անահիտ Պիվազյանի՝ սուր շնչառական հիվանդություններն առավել տարածված են մինչեւ երկու տարեկան երեխաների մոտ։ Նրանք մասնագետի խոսքով՝ հիվանդությունն ավելի ծանր են տանում՝ դժվար են շնչում, ցուցաբերում են գրգռված վարք, հրաժարվում են ուտել, երկար են քնում։ Սուր շնչառական հիվանդությունները ծանր ընթացք են ունենում նաեւ 65 տարեկանից բարձր անձանց մոտ,  որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, ինչպես նաեւ հղիների ու 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ։ 

Հանրապետությունում սուր շնչառական վարակների հիվանդացությունը շարունակում է մնալ միջին ակտիվության՝ ասում է համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։ Այս տիպի հիվանդությունները հիմնականում տարածված են 0-18 տարեկան անձանց մոտ։ Պաշտոնական տվյալով՝ ընդհանուր դեպքերի շուրջ 68%-ը կազմում են մինչեւ 18 տարեկանները։ Պաշտոնյայի խոսքով՝ հիվանդանացոներ եւ պոլիկլինիկաներ դիմելիությունը տոնական օրերից հետո աճել է։

«Երեխաների դիմելիությունը առավել շատ է, մեծահասակները, ռիսկի խմբի անձինք դիմելիության առումով պասիվ են, մարդիկ տանը զբաղվում են ինքնաբուժմամբ եւ արդեն ծանր վիճակում դիմում են հիվանդանոցներ, ինչն էլ ծանրացնում է հետագա բուժումը։

Շտապօգնության կանչերի միջինում հինգ տոկոսով նվազում ունենք, հոսպիտալացվածներն այս պահի դրությամբ կայուն վիճակում են, վերակենդանացման բաժանմունքներում 40 անձ կա, որոնք հոսպիտալացված են թոքաբորբով եւ սուր շնչառական հիվանդություններով»,– ասում է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն»-ի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

Համաճարակաբանի խոսքով՝ Հայաստանում հիմնականում շրջանառվում է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը, այս վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Հայաստանում դիտվում է նաեւ գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը եւ գրիպի B տեսակի հարուցիչներ, սրանց տարավածությունը, սակայն, քիչ է։

Գրիպը կանխարգելելու լավագույն տարբերակը պատվաստումն է՝ ասում են մասնագետները եւ քաղաքացիներին հորդորում ինքնաբուժությամբ չզբաղվել։

«Ինչու ենք ասում՝ մի զբաղվեք ինքնաբուժությամբ, որովհետեւ կարող է թաքնված թոքաբորբ զարգանալ, ուղեղի թաղանթի բորբոքում լինել։ Բացի այդ հակաբիոտիկներ մի՛ խմեք, որովհետեւ այս դեպքում, երբ գրիպի հարուցիչը վիրուսն է, դրանք միայն խանգարում են հիվանդության ելքին»,– ասում է Երեւանի 17 պոլիկլինիկայի մանկության գծով փոխտնօրենը։

Ձմեռային արձակուրդներից հետո՝ արդեն մեկ շաբաթ է՝ սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատություններում եւ ոչ պետական դպրոցներում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։ Աշակերտներին եւ ուսումնական հաստատությունների անձնակազմին դպրոցի մուտքի մոտ ջերմաչափում են, բարձր ջերմություն ունեցողները տուն են ուղարկվում։ Այս հինգ օրերի ընթացքում Երեւանի 20 հիմնական դպրոցում բարձր ջերմությամբ աշակերտներ չեն եղել։

«Ջերմություն չեն ունեցել, ընթացքում էլ վատ զգացող անձ չի եղել, մենք հայտարարել ենք՝ հիվանդ երեխաներին դպրոց չուղարկեք, իսկ երեք օրից ավելի  բացակայելու դեպքում պետք է բժշկից տեղեկանք ներկայացնեն։

Բացակայությունների թիվը ձմեռային արձակուրդներից հետո շատ էր, հետո պակասեց, հիվանդությունների թիվն էլ պակասեց։  Հունվարի 11-ի տվյալով, ունեինք 83 բացակա, հիվանդները 9-ն էին, տեղյակ ենք, որ նրանք սուր շնչառական հիվանդությամբ պառկած են»,– ասում է Երեւանի 20 հիմնական դպրոցի բուժքույր Կարինե Ղազարյանը։

Նախօրեին՝ հունվարի 12–ին, լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարն ասել էր, որ ուսումնական հաստատություններում համաճարակային իրավիճակը վերահսկելի է։