Արցախի քաղաքական, մտավորական վերնախավը համատեղ այս իրավիճակից ելքեր է փնտրում, այնտեղ համընդհանուր քննարկումներ են ընթանում, ինչը ողջունելի է: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, այսօր չի կարելի ասել, որ Արցախում հստակ բաժանում գոյություն ունի նախագահ, մնացած պաշտոնյաներ եւ այլն. «Բոլորը միասին ու համախոհությամբ են որոշում, կարելի է ասել՝ այսօր Արցախում ուղիղ ժողովրդավարություն է տեղի ունենում»,-ասաց նա:
Հարցին, թե Արցախում ներքաղաքական խնդիրներն ու տարաձայնություններն ինչի՞ց առաջացան, Ռուստամյանը պատասխանեց. «Ռուբեն Վարդանյանը նշանակվեց եւ, ըստ էության, իր դերը կատարեց: Պատճառները շատ կարող են լինել, չեմ ուզում խորանալ դրա մեջ: Իմ մոտեցումն այն է, որ եթե անգամ կան որոշակի տարաձայնություններ, դրանք պարտադիր պետք է հարթվեն՝ գերակա ճանաչելով Արցախի միասնական պայքարի տրամաբանությունը: Արցախի ինքնորոշման իրվունքը պետք է պաշտպանվի»:











