Ստեփանակերտցի Սվետլանա Դանգիզյանի դստեր ամուսնու մարմինը մի քանի շաբաթ է՝ Երեւանի դիահերձարաններից մեկում է։ NEWS.am-ի հետ զրույցում Սվետլանա Դանգիզյանը պատմեց, որ դա իր ընտանիքում միակ ողբերգությունը չէ․ դեկտեմբերի կեսին Հայաստանում մահացել է նաեւ իր քրոջ 73-ամյա ամուսինը։
«Նոյեմբերի վերջին քույրս ու տեգոր որդին ամուսնուն տեղափոխում են Երեւան, դեկտեմբերի 19-ին նա մահանում է։ Դստերս 42-ամյա ամուսինն էլ մահացել է Մոսկվայում, սրտի հետ կապված խնդիր է ունեցել։ Ընկերների ջանքերով նրա մարմինը օրեր անց տեղափոխվել է Երեւան եւ մնացել դիահերձարաններից մեկում։ Այդ օրվանից Կարմիր խաչին դիմել ենք, ասում են՝ մեր ձեռքին ոչինչ չկա, ադրբեջանցիները պետք է թույլատրեն, որ այդ ճանապարհով կարողանան բերեն։ Բայց ինչքա՞ն սպասենք, Կարմիր խաչի հետ ոչ մի անգամ խնդիր չի եղել, հիմա չեմ հասկանում՝ ի՞նչ է փոխվել: Կառավարությունն էլ, ներկայացուցչությունն էլ ասում են՝ ամեն օր աշխատանքներ ենք տանում, բայց ընդհանուր ոչ մի բան չկա մինչեւ հիմա»,- ասաց նա։
Չնայած, որ ընտանիքը չի կարողանում հուղարկավորել Արսեն Բաղդասարյանին, այնուամենայնիվ, տանը նրա հիշատակի անկյունն են ստեղծել։
«Նրա անչափահաս 4 երեխաները ամեն ինչից տեղյակ են հեռուստատեսության ու համացանցի միջոցով, բացի այդ տանը տեսնում են իրենց հոր լուսանկարը, ծաղիկները, ամեն ինչ հասկանում են, բացի այդ ամեն օրը տունը եկող-գնացող կա՝ ցավակցելու համար, շատ ծանր են տանում, բայց ի՞նչ կարող ենք անել, չգիտենք՝ ինչքան է շարունակվելու այս դժոխքը»,- ասաց Սվետլանա Դանգիզյանը։
Հարազատներին Հայաստանում հուղարկավորելու մասին չի մտածում ընտանիքը։ Սվետլանա Դանգիզյանն ասաց՝ պետք է հուղարկավորվեն ազգակիցների կողքին, իրենց ընտանեկան գերեզմանատանը․ «Միեւնույն է, եթե Երեւանում էլ հուղարկավորենք, ճանապարհի բացվելուց հետո արտաշիրիմում ենք անելու. իրենց տեղն Արցախում է»։
Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում, մեզ հետ զրույցում պատմեց, որ իր 89-ամյա տատիկը երեք շաբաթ առաջ է մահացել։ Պատկան մարմիններից նրանց նույնպես հորդորել են սպասել։
«Մենք մտածում ենք տատիկին Երեւանում հուղարկավորելու մասին, բայց դեռ մի փոքր հույս ունենք, որ կկարողանանք նրան տեղափոխել Ստեփանակերտ՝ իր ամուսնու եւ որդու կողքին հուղարկավորելու»,- ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ առայժմ չկա պաշտոնական հաղորդագրություն այն մասին, թե քանի արցախցի է անթաղ մնացել Հայաստանում:











