Շրջափակման 37 օրերի ընթացքում, Ադրբեջանն արդեն երկրորդ անգամն է արգելափակում Արցախի գազամատակարարումը։ Առաջինը դեկտեմբերի 13-ին էր, մատակարարումը վերականգնվեց միայն 3 օր հետո։ Ադրբեջանցիները գազի խողովակի վրա իրենց տեղադրած փականի միջոցով են ցանկացած պահի խափանում Արցախի գազամատակարարումը։ Փականը տեղադրել են նախորդ տարվա գարնանը, երբ պայթյունից հետո վերանորոգել էին խողովակը։ Զուգահեռաբար, ադրբեջանցիները հայ մասնագետներին թույլ չեն տալիս մոտենալ Աղավնո–Բերձոր հատված եւ վերականգնել վթարված էլեկտրականության լարերը։ Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Արցախը ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսներով է ապահովում էլեկտրաէներգիան։ Հովհարային անջատումների 2–ժամյա գրաֆիկը այսօրվանից 4 ժամ է դարձել։  

Արցախում վաղվանից կմեկնարկի կտրոնների տրամադրման գործընթացը։ Արցախցիները կտրոններով կկարողանան ձեռք բերել բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը: Կտրոններով վաճառք կիրականացվի հունվարի 20-ից սկսած։

Արցախում սննդի սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ Շրջափակման պատճառով 1100 արցախցի մնացել է Հայաստանում, այդ թվում՝ շուրջ 300 երեխա, որոնք մեկ ամսից ավելի է՝ կտրված են իրենց ընտանիքներից։ Հայաստանում մնացած արցախցի մի քանի ծնողներ օրեր առաջ են դիմել Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակին՝ ընտանիքներին միավորելու միջնորդությամբ, արձագանք դեռ չեն ստացել։

Այս մեկ ամսվա ընթացքում 14 հազար տոննա բեռ կմատակարարվեր Արցախ, եթե ճանապարհը փակ չլիներ։ Դրանց թվում նաեւ արտադրական հումք, որից կախված է Արցախի արտադրամասերի աշխատանքը։ Դրանք, ստիպված, այս ընթացքում, կասեցրել են գործունեությունը։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի։ Ստեփանակերտի բնակչուհի Զոյա Աբրահամյանը նրանցից մեկն է։ Ստեփանակերտում գործող Ղարմետաքս կարի կոմբինատը, որտեղ նա աշխատում էր, դեկտեմբերի 15–ից փակվել է։

«Դեկտեմբերի 15–ից մենք դադարեցրել ենք աշխատանքը, կտոր չլինելու պատճառով, որովհետեւ կտորը բերվում էր Հայաստանից։ Մեր հիմնարկում մոտ 100 հոգի էր աշխատում, մեզնից ոչ մեկը հիմա չի աշխատում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին  Զոյան։

65–ամյա արցախցի կինը որդու հետ վարձով Ստեփանակերտում է ապրում, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման  հետեւանքով տղան նույնպես հարկադրված չի աշխատում։ Մայր ու որդի ապրում են 40 հազար դրամ թոշակով։

«Բայց բանկոմատներում հաճախ փող չի լինում, չենք կարողանում ճիշտ ժամանակին գումարը ստանալ, որ գոնե առաջին անհրաժեշտության ապրանքների համար ծախսենք»,– նշեց նա։

Տիկին Զոյային այս ծանր իրավիճակում, իր հոգսերից ավելի Արցախի հարցն է անհանգստացնում։

«Կարեւորն էն է, որ մեր հողը կարողանանք պահել, մնացածն անցողիկ բան է։ Իհարկե շատ դժվար է, մարդիկ խանութների առաջ երկար հերթ են կանգնում,  հուսահատված է ժողովուրդը, բայց էդքանից հետո ոչ մեկ չի ուզում իր հողը լքել»,– ասաց Զոյա Աբրահամյանը։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, շրջափակման 37 օրերի ընթացքում  կասեցվել է 726 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն։ Սա Արցախում գործող ձեռնարկությունների 17,7 տոկոսն է։ Նախնական տվյալով՝ 3400 մարդ կորցրել է աշխատանքը եւ եկամտի աղբյուրը։ 

«Գրեթե ամեն օր գործազուրկների թիվն ավելանում է»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Մարատ Ստեփանյանը։

Մարատն ամանորյա տոներից հետո է հարկադիր պարապուրդի մեջ հայտնվել։ Աշխատում էր Ստեփանակերտի ընկերություններից մեկում, որը Հայաստանից սնունդ էր ներկրում եւ սննդի առաքմամբ զբաղվում Արցախում։ 50–ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունը հիմա չի աշխատում։  

«Նոր տարին հենց անցավ՝ անաշխատանք մնացինք, այսինքն՝ ապրանք էլ չենք մատակարարում։ Ես մենեջերն եմ՝շուկայի պատասխանատուն, առաքիչները, բանվորները, ընկերության մյուս գործընկերներն էլ չեն աշխատում, սպասողական վիճակ է»,–  ասաց նա։

Մարատը կնոջ, երեք անչափահաս երեխաների եւ առողջական խնդիրներ ունեցող հոր հետ Ստեփանակերտում է ապրում, վարձով։ Այս պահին տան միակ աշխատողը կինն է։ Ինքը թեեւ աշխատանքից ազատված չէ, բայց աշխատավարձ էլ չի ստանում հարկադիր պարապուրդի պայմաններում։ 

«Աշխատանքից չենք ազատվել, ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ գործընկերներիս հետ, բոլորս էլ մտահոգված ենք, մտածում են մի ճանապարհ գտնեն, որ եկամուտ ստանանք, բայց դա այն խնդիրն է, որ պետք է Կառավարության լուծի, որովհետեւ խնդիրը համատարած բնույթ ունի»,– նշեց Մարատը։    

Արցախի Կառավարությունը հարկադիր պարապուրդում գտնվող քաղաքացիներին փոխհատուցում կամ սոցիալական աջակցություն տրամադրելու մասին շրջափակման այս 37 օրերի ընթացքում դեռ չի հայտարարել։