Յուտա նահանգի Լոգան քաղաքում պատահական անցորդներն իսկական հերոսություն են ցուցաբերել` վթարից տուժած անձին հանելով այրվող մեքենայի տակից` միահամուռ ուժերով բարձրացնելով BMW մեքենան:

Յուտայի համալսարանի ուսանող 21-ամյա Բրենդոն Ռայթն իր մոտոցիկլետով ուղեւորվել է դասի, երբ նրան վթարի է ենթարկել BMW մակնիշի մեքենայի վարորդը: Ռայթը հայտնվել է մեքենայի տակ, իսկ մոտոցիկլետը բռնկվել է: Ականատեսները փրկարար ծառայություն են զանգահարել, սակայն ակնհայտ է դարձել, որ նախքան նրանց ժամանելը երիտասարդը կարող է մահանալ: Եւ օգնության շտապած մոտ մեկ տասնյակ պատահական անձինք, այդ թվում հարեւան շինարարության վրա աշխատող բանվորները երրորդ փորձից բարձրացրել են մեքենան եւ տակից դուրս բերել Բրենդոնին: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ, երիտասարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վնասվածքներ է ստացել նաեւ BMW-ի վարորդը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի կապակցությամբ: