Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ կկնքվեն տեխնիկական համագործակցության երկու պայմանագրեր։ Այս մասին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց «American International Airports » ընկերության նախագահ, արգենտինահայ հայտնի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը։
Նա, ողջունելով հանդիսավոր արարողությանը ներկա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն հայոց կաթողիկոսին Գարեգին Բ-ին, հասարակական, մշակութային եւ գործարար հատվածները ներկայացնող հյուրերին, նշեց, որ մեծ ուրախությամբ Հայաստանի նախագահին է փոխանցում Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշների ողջույնները, եւ նկատեց, որ Արգենտինան պատրաստ է համագործակցությունը խորացնել Հայաստանի հետ։
Կնքվելիք պայմանագրերից մեկը կվերաբերի ջրային ռեսուրսների զարգացմանը։ Արգենտինան մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներ կտրամադրի Հայաստանի ջրամատակարարման զարգացման համար։ Երկրորդ պայմանագիրը կկնքվի գյուղատնտեսության զարգացման ոլորտում։ Կկնքվի նաեւ փոխըմբռնման հուշագիր երկու երկրների միջեւ։
Նշենք, որ Ագենտինայից Էդուարդո Էռնեկյանի հետ Հայաստան է ժամանել գործարարներից եւ պաշտոնատար անձանցից կազմված մեծ պատվիրակություն։











