Ատամնաբույժ Գոռ Բաբաջանյանը շարունակական մասնագիտական զարգացման անհրաժեշտ 220 կրեդիտները չհավաքելու եւ համապատասխան հավաստագիր չունենալու պատճառով՝ 2023 թվականի հունվարի մեկից մասնագիտությամբ չի աշխատում։ Նա դեմ է վճարովի տաբերակով վերապատրաստման դասընթացներին մասնակցելուն, որոնց արդյունքում էլ հավաքվում են այդ կրեդիտները։

«Հայաստանում օրինակ՝ ուսուցիչները կարող են անվճար ատեստացիա անցնել եւ բարձրացնել իրենց աշխատավարձը, բայց բուժաշխատողի դեպքում այդ կարգը չի գործում։ Բժիշկը պետք է գումար տա, վերապատրաստում անցնի, կրեդիտ հավաքի, որ հանկարծ աշխատանքը չկորցնի։ Սա խտրական ու անարդար մոտեցում է բուժաշխատողի նկատմամբ։ Այն մարդիկ, որոնք մտածում են, թե այդ քայլով համակարգն առողջացնում են, պետք է վերապատրաստման դասընթացները անվճար կազմակերպեն եւ բոլորին պարտադրեն, որ մասնակցեն դրանց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Գոռ Բաբաջանյանը։

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ բուժաշխատողները մինչեւ 2023թ.-ի հունվարի 1-ը պետք է անհրաժեշտ քանակությամբ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ)  կրեդիտներ հավաքեին, որ կարողանային մասնագիտական գործունեությամբ զբաղվեն։

Հունվարի 28–ին, NEWS.am Medicine-ի հետ զրույցում   Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնել էին, որ այդ պահի դրությամբ Հայաստանում շուրջ 28 130 բուժաշխատող է հավաստագրում անցել։ Հայաստանում ըստ վիճակագրության, մոտ 40 000 բուժաշխատող կա։

ՇՄԶ ապահովող միջոցառումները կազմակերպվում եւ իրականացվում են եւ՛ վճարովի, եւ՛ անվճար տարբերակով։ Գոռ Բաբաջանյանի խոսքով, սակայն, անվճար տարբերակով բուժաշխատողները քիչ քանակի կրեդիտներ կարող են հավաքել։

«Խոսքը մինչեւ 23 կրեդիտի մասին է։ Նախարարությունը արդարանում է, որ անվճար տարբերակ էլ են ապահովում։ Բայց էդ ո՞նց է լինում, որ Հայաստանում վճարովի վերապատրաստման վերաբերյալ իրազեկումներ պատշաճ կարգով արվում են, բայց անվճարների մասին ինֆորմացիա գտնելն անհարին է, ում հարցնում ես՝ չգիտեն դրա մասին»,– ասում է ատամնաբույժը։

Գոռ Բաբաջանյանը նախորդ տարի աշնանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, նույնիսկ հանդիպել նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ, բայց անօգուտ։ 

«Նախարարությունից ՄԻՊ–ին պատասխանել էին, որ այդ բողոքը համակարգային բնույթ չի կրում, իբրեւ բոլոր բուժաշխատողները կողմ են ՇՄԶ կրեդիտներ հավաքելուն, եւ իրենք անվճար տարբերակով կրեդիտ հավաքելու հնարավորություն տվել են։ Նախկին ՄԻՊ–ը, որը տեղյակ էր մեր ոլորտի խնդիրներից, խոստացել էր դիմել Առողջապահության նախարարություն, որպեսզի իրեն ներկայացվի անվճար վերապատրաստումների ցանկը, բանավոր պայմանավորվածություն եղավ, որ եթե նախարարությունը ներկայացնի այնպիսի ցանկ, որտեղ հնարավոր լինի, որ ատամնաբույժները կարողան կրեդիտների 70 տոկոսն (154 կրեդիտ) անցնել անվճար, ապա ես խնդիր չունեմ։ ՄԻՊ–ն ասաց, որ եթե նախարարությունը չներկայացնի այդ ցանկը, ապա ինքը կդիմի վերին ատյաններին։ Բայց հունվարին Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց եւ այդ գործընթացը կանգ առավ, պաշտպանի գրասենյակից ինձ ասում էին՝ գնացեք, հավաքեք այդ կրեդիտները»,– պատմեց Գոռ Բաբաջանյանը։

Ատամնաբույժը բարձրաձայնում է նաեւ վերապատրաստման արժեքի թանկացումների մասին։

«Ես դիմել եմ պատկան մարմիններին, ասում եմ՝ ինչո՞ւ չեք վերահսկում, որ այդ գները անտրամաբանական կերպով չաճեն, նախարարությունից ինձ ասում են՝ մենք այդ հնարավորությունը չունենք, որովհետեւ ազատ շուկայական հարաբերություններ են։ Օրինակ, 2022 թվականի դեկտեմբերին վերապատրաստող կազմակերպություններից մեկում տարեկան բաժանորդագրությունը 40 հազար դրամ արժեր, այս հունվարին 60 հազար դրամ են սարքել։ Կազմակերպություններից մեկն էլ, որը 40 կրեդիտը անվճար տրամադրում էր միայն գրանցման ու այդ ընթացակարգը անցնելու  դիմաց, հիմա էդ նույնն անում է վճարովի։ Այն հանգամանքը, որ դիմադրություն չեղավ՝ գների բարձրացմանն են բերելու, հետեւաբար բուժաշխատողներին առաջարկում եմ իրենց բողոքի ձայնն արտահայտել ստորագրահավաքի  միջոցով, որը ես եմ նախաձեռնել»,– նշեց Գոռը։

Մանրամասները՝ տեսանյութում։