Շաբաթ օրը հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ ամբողջ Ֆրանսիայում՝ փորձելով շարունակել ճնշումը կառավարության վրա՝ կենսաթոշակային բարեփոխումների իր ծրագրերի շուրջ, որոնց թվում է կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելը:
Նախնական գնահատականները ցույց են տվել, որ երեքշաբթի օրը տեղի ունեցած վերջին բողոքի ցույցից հետո Փարիզում ցուցարարների թիվն աճել է մոտ 20%-ով, հաղորդում է Le Figaro թերթը։
Ինչպես հայտնում է «Коммерсантъ»-ը, հղում անելովBFM TV-ին, Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ չորրորդ զանգվածային բողոքի ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել։ Սեւ հագուստով մարդիկ ճայթրուկներ են վառել, հրկիզել են աղբը եւ ջարդել բանկերի ապակիները։ Ոստիկանությունը միջամտել է։
Le Parisien-ի փոխանցմամբ՝ Փարիզում բողոքի ցույցերին մասնակցում են դպրոցականներ ու ամբողջ ընտանիքներ՝ երեխաների հետ միասին։ Ցուցարարների մեծ հոսքի պատճառով ոստիկանությունը փակել է Փարիզի կենտրոն տանող այլընտրանքային ուղիները։
Օռլիի օդանավակայանում ամեն երկրորդ չվերթը չեղարկվում է ավիադիսպետչերների գործադուլի պատճառով, հայտնում է BFM TV-ն։ Մյուս օդանավակայանները չեն տուժում բողոքի ակցիաներից: Կենսաթոշակային բարեփոխումների դեմ երթ է ընթանում նաեւ Մարսելում եւ Բորդոյում, Նենսիում եւ Թուլուզում։
Շաբաթ օրվա երթերին ընդառաջ համատեղ հայտարարությամբ երկրի բոլոր խոշոր արհմիությունները կոչ են արել կառավարությանը հետ կանչել օրինագիծը:
Նրանք զգուշացրել են, որ մարտի 7-ից կձգտեն փակուղի մտցնել Ֆրանսիան, եթե իրենց պահանջները չկատարվեն: Փետրվարի 16-ին արդեն գործադուլ է նախատեսված։
Ընդդիմությունն առաջարկել է հազարավոր փոփոխություններ, որպեսզի բարդացնի բանավեճը եւ, ի վերջո, փորձի ստիպել կառավարությանն ընդունել օրինագիծը առանց խորհրդարանում քվեարկության, եւ հրամանագրի միջոցով, ինչը պոտենցիալ կերպով կարող է խաթարել Մակրոնի մնացած մանդատը:
Աշխատանքի դեպարտամենտի գնահատականների համաձայն՝ կենսաթոշակային տարիքը երկու տարով բարձրացնելը եւ նպաստների ժամկետը երկարացնելը լրացուցիչ 17,7 միլիարդ եվրո տարեկան կենսաթոշակային վճարներ կստեղծի, ինչը մինչեւ 2027 թվականը թույլ կտա համակարգին առանց վնասների գործել:
Արհմիությունները ասում են, որ կան դա անելու այլ եղանակներ, օրինակ՝ գերհարուստներին հարկել կամ խնդրել գործատուներին ու հարուստ թոշակառուներին ավելի շատ վճարումներ կատարել:











