2022 թվականին ավելի քան 25 հազար մարդ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որն անկախ Հայաստանի պատմության ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ալեքսանյանի խոսքով՝ քաղաքացիություն ստանալու ցուցանիշները տարեցտարի աճում են։ 2021 եւ 2022 թվականին քաղաքացիություն ստանալու համար ամենաշատը դիմել են Ռուսաստանի Դաշնությունից։ Իսկ մինչեւ դա, տարիներ շարունակ առաջին հորիզոնականում Մերձավոր Արեւելքի երկրներն էին։

Ըստ Ալեքսանյանի՝ քաղաքացիություն ստանալը հայրենադարձման գործընթացում ամենակարեւոր քայլն է։

«Հայրենադարձություն ասվածը չի ենթադրում միայն հայրենիք վերադարձը, որովհետեւ իրենք այստեղ ունենում են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումն ու հասարակության մեջ ինտեգրումը շատ կարեւոր է հայրենադարձի համար։ Այդ խնդիրները շատ լայն են, պետք է չէ դիտարկել միայն քաղաքացիության ձեռքբերումը, կեցության կարգավիճակ ունենալու հարցը, այլ նաեւ աշխատանք գտնելու, երեխաներին մանկապարտեզներում կամ դպրոցներում տեղավորելու խնդիրները։ Հաշվի առնելով մեր սեղմ միջոցները՝ այս տարվա գրանցված ցուցանիշը բավականին լավ է»,- ասաց Ալեքսանյանը։