Արցախը կարող է բանակցել Ադրբեջանի հետ, բայց ոչ թե որպես օբյեկտ, այլ սուբյեկտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։

«Հասկանալի է, որ Արցախն այժմ չունի հարթակներ եւ խողովակներ, հետեւաբար բանակցությունները, որոնց մասին խոսվում է, համակեցության տանելու մասին են։ Սա եւս Ադրբեջանի եւ Հայաստանի ծրագրերի մեջ են մտնում։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը հետ է քաշվում, Ադրբեջանի ինչ-որ անհասկանալի մակարդակի մարդիկ հարաբերությունների մեջ են մտնում Արցախի իշխանությունների հետ եւ գնում համակեցության։ Այսինքն՝ հեշտությամբ կհամաձայնեն այն բանին, ինչի համար շրջափակված է Արցախը՝ անունը դնելով փոխզիջում։ Սա էլ կտանի Արցախի դատարկմանը, ինչին էլ ձգտում է Ադրբեջանը։ Ռուբեն Վարդանյանն ասում է այն, ինչ մենք ենք երկար ժամանակ ասել՝ Արցախը կարող է բանակցել Ադրբեջանի հետ, բայց ոչ թե որպես օբյեկտ, այլ սուբյեկտ, որի հետ բանակցում են հավասարը հավասարի նման։ Եթե պետք է պայքարել սրա համար, պայքարելու ենք, ինչպես եւ հիմա»,- նշեց Հակոբյանը։

Պատգամավորի կարծիքով՝ վերը նշված ծրագրին հասնելու գործում սերտորեն համագործակցում են Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը։

«Դեռեւս տարիներ առաջ Արայիկ Հարությունյանն ասում էր, որ համաձայն է Փաշինյանի յուրաքանչյուր մտքին՝ ստորակետի ճշտությամբ։ Որեւէ բան չի փոխվել նրանց հարաբերություններում։ Այս երկու անձերի գործողություններում որեւէ փոփոխություն չկա, իրենք ունեն հաստատուն նպատակ եւ գնում են դրա ուղղությամբ»,- ասաց նա։