Եթե չվերականգնվի Արցախի էլեկտրամատակարարումը, իրավիճակն ավելի է բարդանալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանը:
Նշենք, որ մեկ ամսից ավելի է՝ Արցախ էլեկտրաէներգիա չի մատակարարվում՝ Ադրբեջանն այդպես էլ թույլ չի տալիս վերականգնել Հայաստանից Արցախ տանող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը:
Արթուր Ավետիսյանի խոսքով՝ վթարի հեղինակն ադրբեջանցիներն են, որովհետեւ եթե այն լիներ իրական վթար, ապա ադրբեջանցիները թույլ կտային հայ մասնագետներին կամ գոնե ռուս խաղաղապահներին՝ վթարի վերականգնման աշխատանքներ իրականացնել.
«Հեշտ է հասկանալը, որ դա արհեստական վթար է: Դա իրականացվում է ոչ միայն ոչ միայն ճանապարհը փակելով, այլ նաեւ Արցախի նկատմամբ էներգետիկ տեռոր իրականացնելով»:
Փորձագետը նշեց, որ եթե չվերականգնվի Արցախի էլեկտրամատակարարումը, եւ Լաչինի միջանցքը չբացվի, ապա իրավիճակն ավելի է բարդանալու.
«Էներգետիկ համակարգը շատ ծանրաբեռնված է աշխատում, հետեւաբար եթե նախկինում հովհարային անջատումներով փորձում էին ինչ-որ ձեւ կարգավորել մասնագետները, ապա հիմա գերբեռնվածության հետեւանքով վթարներ են գրանցվելու, դրանք շատանալու են, արդեն լինելու են ոչ թե ժամանային անջատումներ, այլ կարող է՝ օրերով ինչ-որ բնակավայրեր հոսանքազրկվեն»:
Ավետիսյանն ասաց, որ իրավիճակը նման է 90-ականներին Հայաստանում տեղի ունեցած իրավիճակին. «Այդ տարիներին մալուխային գծերն արդեն չէին դիմանում, եւ ոչ միայն հովհարային անջատումների խնդիր էր, այլ ընդհանուր համակարգը, մալուխային գծերն ուղղակի պայթում էին»:
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո ավելի քան 113 մեգավատ հզորության 30 հիդրոլէլեկտրակայաններ անցել են ադրբեջանական վերահսկողության տակ: Հիմա Արցախի վերահսկողության տակ է ընդամենը 6 ՀԷԿ, Արցախի էներգետիկ կարիքների ապահովման հիմնական բեռը հիմա դրանցից ամենախոշորի՝ Սարսանգի ՀԷԿ-ի վրա է ընկած:











