Արարատ Միրզոյանի Թուրքիա այցն ահագին բան դեպի լավն է փոխելու։  Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա այցին։

«Հավերժական բարեկամներ ու հավերժական թշնամիներ չեն լինում։ Մենք չենք ասում, թե Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ենք սկսելու, մենք Թուրքիայի հետ պետք է հաշտվենք։ Եթե այս երկրաշարժին մենք չարձագանքեինք, ամբողջ աշխարհը մեզ կմեղադրեր, որ հարևան երկրին օգնություն չուղարկեցինք, չարձագանքեցին»,– ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է այս հումանիտար ժեստը Թուրքիայի քաղաքականությունը փոխի ու առանց նախապայմանների հարաբերություններ հաստատվեն, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է մեր հարևանների հետ հաշտվենք, առանց դրա խաղաղություն չի լինելու։ Այս քայլով աշխարհը տեսավ, որ Հայաստանը ցանկանում է Թուրքիայի հետ հաշտ ու խաղաղ ապրել։ Արարատ Միրզոյանի Թուրքիա այցն ահագին բան դեպի լավն է փոխելու»։

Անդրադառնալով Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ Գագիկ Մելքոնյանը ասաց, որ դիտորդները չեն կանգնելու այն տարածքներում, որոնք Ադրբեջանն օկուպացրել է, այլ այն հատվածներում, որտեղ հիմա հայկական զորքն է կանգնած։

«Ադրբեջանը հարց է բարձրացրել ԵՄ–ում, որ հայերն ու ռուսները զորք են կուտակել սահմանի վրա, որպեսզի հարձակվեն Ադրբեջանի վրա։ Իրենք արդեն 30 տարի էդ մուտիլովկաներն անում են։ Սեպտեմբերյան ագրեսիայից առաջ էլ սադրանքներ արեցին ու հարձակում կազմակերպեցին։ Հիմա ԵՄ դիտորդները տեսնում են, որ էստեղ և հայկական, և ռուսական զորքերի կուտակում չկա»,– ասաց Մելքոնյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ԵՄ դիտորդների վերաբերյալ այն հայտարարությունը, թե նրանք գալիս են, որ համոզվեն՝ Հայաստանն ու Ռուսաստանը միասին ագրեսիա չեն ծրագրում Ադրբեջանի վրա։