Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 16-ին, նախորդ տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով վկա Ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի ծառայող Հովհաննես Մկրտչյանը։
Տուժողի իրավահաջորդ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հարցին, թե ո՞ր փողոցից էր գալիս Փաշինյանի ավտոշարասյունը, Մկրտչյանը հրաժարվեց պաստախանել, նշելով, թե գաղտնիք է, սակայն չկարողացավ հիմնավորել, թե որ օրենքի համաձայն:
«Եթե կալոնան գնում ա, ես շարասյան վերջից եմ գնում, պարզ չի՞ որ վերջից ընդամենը փակողի դերն ես տանում՝ անվտանգությունն ապահովելով: Որ կողմ որ գնում է, այդ ուղղությամբ պարտավոր ես շարժվել»,- ասաց վկան:
Հարցին՝ ո՞վ էր որոշել, որ ինքը պետք է փակի ավտոշարասյունը, վկան ասաց՝ վաշտի հրամանատարը դա որոշում է նախապես:
Հարցին՝ արդյո՞ք այդ ժամանակ է ընտրվել արագությունը, վկան պատասխանեց, որ դա սովորաբար ընտրվում է իրավիճակից ելնելով. «Մենք շարժվել ենք թույլատրելի արագությամբ»:
Րաֆֆի Ալսանյանն էլ վկային ասաց, որ, ըստ փորձագիտական տվյալների, մեքենայի արագությունը եղել է 108 կմ/ժ արագություն, սակայն վկան ասում է, թե մեքենայի արագությունն այդ փողոցում եղել է 60-70 կմ/ժ արագությամբ:
Հարցին՝ վրաերթից հետո ինքն ինչո՞ւ չի կանգնեցրել մեքենան, վկան պատասխանեց.
«Ես չեմ կանգնել, որովհետեւ մարդ չէր երեւում, շորերն էին երեւում, ես էլ անվտանգությունը վերջից էի ապահովում, արդյո՞ք դա դիտավորություն չէր լինի: Ես պարտավոր եմ շարասյան վերջը փակել ու գնալ: Եթե աջի վրա տեղ լիներ կանգնելու, առաջինը Արամ Նավասարդյանը կկանգներ: Եթե տեղ տեսնեի, չէի կանգնելու, որովհետեւ առաջնայինը անվտանգությունն էր: Քանի որ արդեն ռադիոկապով օգնություն էր պահանջվել, նրանք մոտենալու էին այդտեղ»:
Գործով վկան պատմեց, որ դեպքին ականատեսները քաշքշում էին երթեւեկությունը կարգավորող տեսուչին, ինքն էլ դեպքի վայր վերադառնալիս հանդարտեցրել է իրավիճակը՝ տեսուչին դեպքի վայրից հեռացնելով:
Վկայի հարցաքննությունից հետո դատարանում հայտարարությամբ հանդես եկավ Րաֆֆի Ասլանյանը, նշելով, որ վկան իր տված հարցերի գերակշիռ մասին չի պատասխանել, դրանք քողարկելով իբրեւ թե պարունակում են ծառայողական գաղտնիք.
«Ես նախաքննության ընթացքում եմ դա տեսել, որ ծառայողները հրահանգավորված գալիս են ցուցմունք տալու եւ քողարկել գործի իրական հանգամանքները:
Այս գործի մեխը ձայնագրությունն էր, որը լույս կսփռեր ամբողջ քրեական գործի հանգամանքների վրա, որը, ըստ պաշտպանական կողմի հիմնավոր ենթադրությամբ, ոչնչացվել է»:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
Նշենք, որ գործով ամբաստանյալ Արամ Նավասարյանն ազատության մեջ է:











