Սահմանադրական փոփոխություններն Արցախում կենսական անհրաժեշտություն են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Եթե մենք այդ փոփոխությունները չանենք, մեր պետությունը կարող է աղետի առաջ կանգնել: Այլ խնդիր է ժամանակի ընտրությունը, այստեղ մենք շատ խորը վերլուծություն պետք է կատարենք, իմաստուն մոտեցում ցուցաբերենք, հանկարծ որեւէ զգացմունքայնություն, շուտափույթ ինչ-որ հարցեր կարգավորելը նույնպես կարող է բերել աղետի: Դրա համար պետք է լավ մտածենք: Միգուցե քննարկումների արդյունքում պարզվի, որ պետք է որոշ ժամանակով հետաձգել, բայց որ այդ դրույթը պետք է փոխվի, սա ըստ իս, որեւէ ձեւով չի կարող կասկածի տակ դրվել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ կան խոսակցություններ, որ Արցախում ներիշխանական հակասություններ կան, նաեւ Արցախից ուղիղ տեքստով նշվում է, որ դա հրահրված է ՀՀ իշխանությունների կողմից, Դավիթ Բաբայանն ասաց. «Բարեփոխումները որեւէ ձեւով որեւէ մեկի կողմից չեն կարող հրահրվել: Մենք իսկապես գտնվում ենք ծանր վիճակում. այնպես է ստացվել, որ 2017-ի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենք նոր Սահմանադրությունը, որն ընդհանուր առմամբ, լավն է, վատը չէ, բայց սիամական երկվորյակներ են դարձել նախագահի ինստիտուտն ու Ազգային ժողովը: Ըստ Սահմանադրության, եթե նախագահին մի բան է լինում, 45 օր հետո Ազգային ժողովը պետք է ցրվի: Հիմա մենք կարողանալո՞ւ ենք ընտրություն անել, թե՞ չենք կարողանալու: Ինչպե՞ս է լինելու: ԱԺ-ի արձակումից հետո ընդհանրապես ապալեգիտըիմացվում է Արցախի պետական համակարգը: Ի՞նչ կապ ունի ով է հրահրում, ոչ մեկը չի հրահրում, սա կենսական նշանակություն ունի: Պետք է ամեն ինչ անել, որ Արցախի լեգիտիմությունը նաեւ քաղաքական իմաստով պահպանվի, իշխանության կառույցը, բուրգը նույնպես պահպանվի»:
Դավիթ Բաբայանի խոսքով, եթե հնարավոր լինի իրականացնել սահմանադրական փոփոխությունները եւ տեղի ունենա հանրաքվե, նախագահի ինստիտուտն ու Ազգային ժողովն իրարից տարանջատվելու են. «Հիմա մեզ մոտ այդ երկու ինստիտուտները սիամական երկվորյակների նման փոխկապակացված են: Մենք պետք է դրանք տարանջատենք, որ լինեն իրարից ավտոնոմ: Եթե կարողանանք իրականացնել հանրաքվե, դա կստացվի: Բայց վաղ, թե ուշ դա պետք է տեղի ունենա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է Արցախում ունենալ իր ցանկալի իշխանությունը, նա ընդգծեց. «Արցախն այնքան զգայուն է հիմա, որ ես չեմ կարծում, որ դրսից ինչ-որ բան կարող է տեղի ունենալ կամ նպատակահարմար է արդյոք, որ ինչ-որ մեկը դրսից խառնվի: Դուք գիտեք, որ կա չգրված օրենք. Արցախը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին, Հայաստանն էլ՝ Արցախի: Դա չի նշանակում, որ մենք անտարբեր ենք միմյանց նկատմամբ: Տեղի են ունեցել ընտրություններ 2021-ին, սա ժողովրդի ընտրությունն է: Ես չեմ ընդունում մոտեցումը, որ ժողովուրդը չի սխալվում, ոչ, ամենամեծ սխալը կատարում է ժողովուրդը, բայց սա այլ խնդիր է: Մենք ունենք իշխանական համակարգ եւ որեւէ մեկն իրավունք չունի այն խարխլելու: Իշխանական համակարգը, բուրգը կարող է փոխվել միայն քաղաքակիրթ ձեւով, նորմալ ընտրությունների միջոցով»:
Հարցին, թե ընդհանրապես անառողջ մթնոլորտ տեսե՞լ է ներիշխանական դաշտում, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նայած՝ ինչ ենք հասկանում անառողջ ասելով: Այն, որ իշխանության մեջ, ընդհանրապես հասարակության մեջ պետք է լինի մրցակցություն, դա միանշանակ է: Անառողջը այն է, երբ մարդիկ փորձում են իրենց լիազորությունները չարաշահել, երբ փորձում են հակաօրինական քայլերի դիմել: Նման դրսեւորումները պետք է անմիջականորեն ճնշվեն, ով ուզում է լինի: Որեւէ մեկն իրավունք չունի այս ծանր իրավիճակում Արցախը դարձնել սեփական ամբիցիաների առարկա կամ տրամպլին այլ հարցերի լուծման համար: Սա անթույլատրելի է որեւէ մեկի կողմից»:
https://www.youtube.com/watch?v=89XozlA9RN8











