Փաշինյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի նախագահ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԵՆԲ-ի միջեւ համագործակցությունը եւ տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների եւ քաղաքացիների համար, քանի որ ծրագրերն ուղղված են մասնավոր հատվածի ֆինանսավորմանը, տարբեր ենթակառուցվածքային հանգույցների բարելավմանը: Վարչապետը նաեւ նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Վերներ Հոյերն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը եւ նշել, որ ԵՆԲ-ն պատրաստ է քննարկել հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:











