Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից փրկել են երեք հոգու՝ 8, 20 եւ 24 տարեկան երեք աղջիկների։ Այս մասին տեղեկացրել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Հարի Արղամանյանը փետրվարի 20-ի մամուլի ասուլիսում։
Նա տեղեկացրել է, որ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիան եւ Սիրիան դիմել են ՄԱԿ հումանիտար օգնության համար։ Փետրվարի 7-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել որոնողափրկարարական թիմեր ուղարկել երկու երկրներ։ Փետրվարի 8-ին 27 եւ 29 մարդուց բաղկացած խմբերը (բժիշկներ, կինոլոգներ, ճառագայթային եւ քիմիա-կենսաբանական մոնիթորինգի մասնագետներ) մեկնել են օգնության։ Թիմերը տեղակայվել են Ադըյամանում (Թուրքիա) եւ Հալեպում (Սիրիա)։
Մեկ շաբաթվա ընթացքում հայ փրկարարները Թուրքիայում փրկել են երեք հոգու՝ 8, 20 եւ 24 տարեկան աղջիկների։ Երկու երկրներում փլատակների տակից հանել են 20 մարմին։ Հալեպում փրկարար աշխատանքներին զուգահեռ հայ համայնքի ներկայացուցիչներին ուսուցանվել է, թե ինչպես պահեն իրենց երկրաշարժի ժամանակ։
Փրկարար խմբերը փետրվարի 14-ին վերադարձել են Հայաստան, Սիրիայից՝ ինքնաթիռով, Թուրքիայից՝ ավտոմեքենայով։ Թուրքիայում աշխատել է 74 խումբ 40 երկրներից։ Սիրիայում՝ 8 թիմ 5 երկրից։ Վերջին տվյալներով՝ երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը։
Հարցին, թե ինչպես էին վերաբերվում հայ փրկարարներին Թուրքիայում, Արղամանյանը պատասխանել է, որ վերաբերմունքը շատ լավ էր, մարդիկ շնորհակալություն էին հայտնում։











