Դեռ երկու օր առաջ ոստիկանների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ՊՆ նախկին շենքում ապաստան գտած քաղաքացիներին, որոնց դուրս են հանել շենքից, թույլ տրվի շենքի մոտ երկու վրան տեղադրել երեխաների ու կանանց համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ նախկին շենքի մոտից ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մի վրանը գիշերը հասցրին տեղադրել, իսկ մյուս վրանը չհասցրեցին տեղադրել, կիսատ մնաց: Վրաններից մեկը նախատեսված էր մանկահասակ երեխաների, կանանց, կերակրող մայրերի համար, իսկ մյուս վրանը մյուսների համար: Ոստիկանությունը հաջորդ օրը հրաժարվեց երկրորդ վրանը տեղադրել՝ պատճառաբանելով, որ պետք չի վրան տեղադրել, դա կհանգեցնի նրան, որ մարդիկ այստեղ երկար կմնան: Հիմա նորից եկել ենք այստեղ, վիճակը շատ մտահոգիչ է, մեղմ ասած: Այն խնդիրները, որ կային, ավելի են շատացել, հիվանդ երեխաների թիվն է ավելացել»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, ՊՆ նախկին շենքում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։
Բնակիչներն էլ չեն ցանկանում շենքի տարածքը լքել, որովհետեւ իրենց խոսքով՝ տեղ չունեն գնալու։ Շենքից վտարված մարդիկ պատմում են, որ 2020 թվականի պատերազմից հետո են այստեղ բնակություն հաստատել։ Այդ մարդիկ պնդում են՝ իրենց մեջ ազատամարտիկներ, զոհված զինծառայողների հարազատներ, անապահով մարդիկ կան, որոնք տուն չունեն, վարձով էլ չեն կարողանում ապրել, լսել են, որ այս շենքերում ազատ սենյակներ կան, եկել են, իրենց ուժերով նորոգել են, ապրելու համար մինիմալ պայմաններ ստեղծել։ Քաղաքացիներն այդ շենքում հայտնվել են Լեռնիկ Պետոյանի օգնությամբ։ Նրա մասին շատ տեղեկություններ չեն հայտնում, ասում են՝ ազատամարտիկների ու անօթեւանների մասին մտածող մարդ է։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն մինչեւ օրս 12 ընտանիքի կացարանով ապահովել։











