Ենթադրում եմ, որ Ադրբեջանի համար որեւէ նոր դերակատար, որեւէ նոր գործոն Արցախում հնարավորություն է ավելի կազմակերպված աշխատելու Արցախում: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Մեզ համար բաց չէ, թե ինչ պայմաններ է առաջադրել Ադրբեջանը եւ Արցախի ղեկավարությունը ինչպես է վերաբերվում այդ առաջարկություններին, ոնց են իրենց պահելու: Եթե նրանք Հայաստանի իշխանությունների նման գնալու են զիջումների, եւ ամեն ինչ թողնելու են Ադրբեջանի կամքին, բնական է, որ սա լավ հեռանկար չի բերելու:
Ես ուզում եմ լավատես լինել ու հավատալ, որ արցախցիներն այնքան ամուր են կպած իրենց հողին, որ մի լուծում կգտնեն: Ցավոք, այդ լուծումը պետք է լիներ 2020-ի պատերազմից անմիջապես հետո, բայց որոշ դերակատար անձինք վճռականություն չունեցան: Այդ սողացող նահանջը այսօր էլ շարունակվում է»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է Ռուբեն Վարդանյանի հեռանալուց հետո Լաչինի միջանցքը բացեն, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ի՞նչ պայմանով բացեն, անցակետեր տեղադրելով, որտեղ ադրբեջանցինե՞ր են կանգնած: Անցակետեր բացել, որտեղ կանգնած են ադրբեջանցիներն ու ռուսները միասի՞ն: Ունե՞ք որեւէ երաշխիք, որ նման զարգացման պարագայում մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո նույնը չի կրկնվի: Կամ այդ հնարավոր անցակետերի բացման արդյունքում ինչպիսի՞ն է լինելու Արցախի ու Հայաստանի կապը, հարաբերությունները»,-ասաց Աղվան Վարդանյանը:











