Որ Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ է լինելու, ես ունեի տեղեկություններ սրանից մոտ 10 օր առաջ, չնայած դրանից առաջ էլ էր առաջացել իրավիճակ, որ կարելի է ասել՝ որոշումը կայացված էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիրիրյանը:

«Ընդհանրապես, իր նշանակման օրերին՝ նոյեմբերին, ես գրառում էի արել, որ եթե Արցախի քաղաքական էլիտան եւ Ռուբեն Վարդանյանը առանց իրար հայհոյելու բաժանվեն, ապա դա կարելի է համարել մեծ ձեռքբերում: Ընդ որում, նշել էի, որ հիմնական պատճառներից մեկը կլինի այն, որ իբր Բաքուն ուզում է խոսել միմիայն տեղաբնակի հետ:

Փորձեմ նշել, թե ինչու էի այդպես կարծում. Նախ, հենց իր նշանակման օրվանից ակնհայտ էր, որ այնտեղ պրոցեսները շատ արագ են զարգանալու. Ինքը ձեռք չէր տալու եւ ՀՀ իշխանություններին, եւ Արցախի էլիտային, ինչպես նաեւ Բաքվի իշխանություններին: Գնալով դա ավելի ակնհայտ էր դառնալու, գլոբալ առումով իրեն հանեցին հենց այդ պատճառով, որ այս երեք խմբերի շահերը համընկան իր հարցում: Արցախյան էլիտային Ռուբեն Վարդանյանը խանգարեց նրանով, որ ինքը սկսեց խորանալ ներքին խնդիրների մեջ, որոնք տարիների ընթացքում կուտակվել ու առաջացրել են բազմաթիվ խնդիրներ: Առավել եւս դա ցայտուն երեւացել եւ կյանքի է կոչվել պատերազմից հետո: Այսինքն առանց որեւէ հաշվետվության գումարների ծախսեր, երբ պարզ չէր՝ ում վարկ տվեցին, հանուն ինչի եւ ընդհանրապես այս կամ այն վարկը վերադարձվելու է, թե ոչ: Երբ իշխանավորները որեւէ պատասխանատվություն չեն կրում հասարակության առջեւ, երբ չեն լուծում որեւէ խնդիր, եւ փորձում են բոլորի բերանը այս կամ այն կերպ փակել: Այդ մոդելը բերեց նրան, որ Արցախը փաստորեն, թույլ էր, չէր կարողանում նորմալ զարգանալ, եւ պարզ է, որ Ռուբեն Վարդանյանը, որը չուներ տեղում գումար աշխատելու խնդիր, սկսեց բարձրացնել այդ հարցերը: Դրա դեմ միավորվեցին տեղական էլիտաների բոլոր ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպով թաթախված են փող աշխատելու մեխանիզմների մեջ»,-ասաց Կիվիրյանը:

Նա նկատեց, որ Արայիկ Հարությունյանը, թեեւ փորձեց մեղմել, բայց իր ելույթում ասաց, որ իր եւ Վարդանյանի միջեւ բազմաթիվ հակասություններ կան. «Իսկ երկար տարիներ Արցախի վարչապետ, ապա նաեւ նախագահ եղել է հենց Արայիկ Հարությունյանը: Այսինքն հիմնական գումարների ծախսման քավորը Արցախում Արայիկ Հարությունյանը եւ իր խմբերն են եւ այն զանգվածը, որին նա փորձել է ներգրավել այս գործընթացում: Սա արատավոր սխեմա է, այդ մարդիկ հավանաբար մտածել են, որ Արցախը կործանված տարածք է եւ պետք է ամեն գնով առվելագույնս փող աշխատել: Այդ մեխանիզմը ոնց եղել է, ավելի մեծ ագահությամբ հիմա շարունակվում է»:

Ըստ վերլուծաբանի, Ռուբեն Վարդանյանի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ եւս առաջացան տարաձայնություններ. «Նախ պայմանավորված նրանով, որ քանի որ նա այդ սխեմաների մեջ թաթախված չէր, իրենց վերահսկողությունից դուրս էր: Մյուս կողմից կար նաեւ Բաքվի պատվերը, իսկ ՀՀ իշխանությունները փութաջանորեն իրականացնում են Բաքվի կամքը: ՀՀ իշխանության համար Արցախում պետք է կամակատար զանգված, որ որեւէ առումով չխանգարի իրենց եւ Բաքվի ձեւավորված դաշինքը կյանքի կոչելուն: Ակնհայտ է, որ նրանց միջեւ ինչ-որ դաշինք է ձեւավորվել»,-ընդգծեց Կիվիրյանը:

Բացի դրանից, ըստ նրա, Ռուբեն Վարդանյանին հանելու որոշումով Բաքուն ցույց է տալիս, թե ով է Արցախում դրության տերը. «Բաքուն սկզբում փակեց ճանապարհը՝ ցույց տալով, որ ինչ ուզենա՝ կանի՝ օգտվելով նրանից, որ Ռուսաստանը խիստ զբաղված է ուկրաինական խնդիրներով: Բաքվին պետք է, որ մինչեւ Ռուսաստանի ձեռքերն ազատվելը այս հարցերը լուծի: Ներսում էլ իրեն պետք է ցույց տա, որ ինքն է թելադրում, թե ով պետք է Արցախում լինի իշխանություն:

Այսօր Բաքուն դա անում է Արցախի հետ կապված, ես վստահ եմ, որ վաղը Ադրբեջանը կյանքի է կոչելու ՀՀ-ում իշխանության ձեւավորման հետ կապված: Իրենք ասելու են, օրինակ, որ Հայաստանում պետք է շարունակի իշխանություն լինել Նիկոլ Փաշինյանը, թե չէ այս կամ այն ուղղությամբ մեր զորքերը հարձակման կանցնեն: Վաղը իրենք բացահայտ տեքստով նույնը անելու են Հայաստանում:

Արցախի քաղաքական էլիտան՝ տարված փող աշխատելու մոլուցքով, սա չհասկացավ, որ իրենք իրենց ձեռքով վերցրեցին Արցախի սուբյեկտայնության վերջին նշույլները: Որ եթե դու կատարում ես Բաքվի այդ պահանջը, դու ավարտվում ես: Եթե նա է որոշում, թե ով պետք է լինի Արցախում իշխանություն, ուրեմն դա իր տարածքն է: Այսինքն այդ տարածքն արդեն ենթարկվել է»,-հայտարարեց վերլուծաբանը:

Բացի այդ, այստեղ կա նաեւ այն հարցը, որ Ռուբեն Վարդանյանի մեջ տեսան վտանգ, որ նա կարող է լինել Մոսկվայի շահերի օժանդակողը այդ տարածքում. «Իսկ մենք հասկանում ենք, որ Արցախի տարածքում Մոսկվայի եւ Բաքվի շահերը չեն համընկնում: Եթե Բքուն ու պաշտոնական Երեւանը ցանկանում են մեկ օր շուտ լուծել այս հարցը, Մոսկվան այդ ցանկությամբ չի տառապում: Մոսկվային պետք է, որ խնդիրը մնա որպես ճնշման գործիք եւ Բաքվի վրա, եւ տարածաշրջանի այլ պետությունների վրա: Եթե խնդիրը լուծվի եւ Արցախը ճանաչվի ադրբեջանական տարածք, եվ Ադրբեջանն է դնելու ռուսական ուժերն Արցախից հանելու հարցը, եւ Հայաստանն է դնելու ռուսական բազան Հայաստանից հանելու հարցը»,-ընդգծեց նա: