ՀՀ-ն հիմա գոյություն ունի ֆիզիկապես 2 գործոնի շնորհիվ՝ Ռուսաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Բեկում» երիտասարդական ֆորումի՝ «ՀՀ անվտանգային, իրավական, տնտեսական, արտաքին հարաբերություններում հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք ապրում ենք լրիվ այլ երկրում, պատերազմը բերել է այնպիսի արդյունքների, որ Հայաստանն այլեւս  Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ավելին՝ Հայաստանն արդեն իր իսկ անվտանգության երաշխավորը չէ: ՀՀ-ն հիմա գոյություն ունի ֆիզիկապես 2 գործոնի շնորհիվ՝ Ռուսաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ընդ որում այս գործոնները որոշակի իներցիայի գործոններ են եւ եթե չլինեն, Հայաստան ու Արցախը չի լինի: Արցախը բառիս բուն իմաստով պաշտպանում են ռուս խաղաղապահները, Սյունիքի համար Իրանը պատրաստ է մտնել առճակատման մեջ, հայ-թուրքական սահմանը պաշտպանվում է ռուսների կողմից, եւ Հայսստանը գոյություն ունի աշխարհաքաղաքական որոշակի բալանսի առումով: Սա հստակ դուք պետք է իմանաք, որովհետըեւ իշխանություններն ասում են, որ ձեր թշնամին Ռուսաստանն է, տողատակում անեւ Իրանը փաստորեն, եւ ձեզ համոզում են, որ ձեր բարեկամը Թուրքիան է, որը բաց տեքստով է հայտարարում, որ իր խնդիրը Հայաստանի ու Արցախի ոչնչացումն է, որկ հետ կապված հռչակագիր է ստորագրել Ադրբեջանի հետ Շուշիում: Ձեզ համոզում են, որ Ադրբեջանի հետ հարաբերություններ կարելի է իրենց ուզած նախապայմաններով կարգավորել ու խաղաղ ապրել: Ահա այս միջավայրում ենք մենք ապրում»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ արտաքին հարաբերությունների եւ մարտահրավերների մեջ մենք ներգրավված ենք երկու առոմով՝ ուղղակի եւ անուղղակի:

«Անուղղակին դա միջազգային այն իրավիճակն է, որը ստեղծված է աշխարհում: Արեւմուտք- Ռուսաստան գլոբալ հակամարտությունը բնականաբար ազդում է մեզ վրա,բայց մենք այդտեղ խաղացող չենք: Մենք կանգնած ենք միջուկային պատերազմի նախաշեմին եւ ՀՀ գլխավոր խնդիրը պետք է լինի այդ երկու խոշորների արանքում չհայտնվել»,- ասաց նա:

 Թեւանյանի կարծիքով այս իշխանությունների քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է Արեւմուտք-Ռուսաստան բախման կիզակետում:

«Ձեզ խաբել են, այդ մասին չեն ասել եւ ավելին՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, Հայաստանը հայտնվել է հակառուսական եւ նաեւ հակաիրանական կոալիցիայի մեջ: Երկրորդ  գործոնը որի մեջ մենք ուղղակի ենք ներգրավված, դա հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններն են: 44-օրյա պատերազմը իրականում տեղի ունեցավ տապալված բանակցություններկ արդյունքում ու նաեւ այսպես կոչված տավուշյան «հերոսամարտի» արդյունքում: Մեր ժողովուրդը հստակ պետք է իմանա, որ այս պատերազմը եւ պարտությունը մեր գլխին բերել է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը»,- ասաց նա:

Թեւանյանի խոսքով՝ այսօր իշխանությունները առաջ են տանում այն թեզը, որ Արցախը հանձնենք, որ լավ ապրենք, սակայն դա կեղծ եւ սուտ թեզ է, որն ավելի շատ վտանգների է բերելու:

Պատգամավորը ասաց, որ հայ-թուրքական հարաբերություններում էլ են քաղաքացիներին խաբում, ասելով, որ առանց նախապայմանների են բանակցում: