2018-ի շարժումը Հայաստանի դեսուվերենիզացիայի շարժումն էր. կոնկրետ դեպքում՝ հակաղարաբաղյան էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Բեկում» համաերիտասարդական ֆորումին իր ելույթում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նրա խոսքով՝ ազգային պայքարի օրակարգը ստանձնած բոլոր ուժերի շրջանում առնվազն 2 հարցի շուրջ պետք է լինի կոնսենսուս, եւ քանի դեռ դա չկա, ոչինչ չի ստացվելու.
«Անգամ եթե լինենք 300 հազար մարդ: Անգամ եթե լինեն հերթական ընտրությունները եւ ազգային ուժերը 72 տոկոս ձայն հավաքեն, իշխանության քայլերը պարզ են, իրենք ուղղակի կհավաքեն 10 հազար մարդ, կմտնեն պետական շենքեր, կհայտարարեն, որ այդ մարդիկ ծախվել են նախկին իշխանոթյուններին, ԿԸՀ նոր նախագահը կասի՝ կներեք, թարս էի տեսել, 72 տոկոս չէ, 27 տոկոս է: Պետք է միասնական կոնսենսուս լինի. ոչ թե ամեն մեկն ասի՝ ես ճիշտ եմ արել, դու՝ սա եւ սա բաց ես թողել: Տարածքները պետք է ազատագրվե՞ն, թե՞ ոչ: Նախիջեւանը պետք է ազատագրվի՞, թե՞ ոչ: Այո, մենք ռեսուրսներով փոքր երկիր ենք, դա նշանակում է, որ մենք պետք է ռեսուրսներ հավաքենք, իսկ ռեսուրսը գոյանում է տարածքից: Մելիքական այն մոտեցումը, որ մեր ռեսուրսները քիչ են, դրա համար պետք է փոխզիջման գնանք, երբեք չեմ հասկացել, որովհետեւ եթե ռեսուրսներդ քիչ են, ինչ-որ բան զիջեցիր, ավելի է քչանալու: Արդո՞ք մենք գնում ենք հողահավաքի:
Այս լսարանից դուրս միջին վիճակագրական հայ քաղաքացին եթե լսի ինչ-որ մենք ենք այստեղ ասում, եւ լսի, թե ինչ են ասում կապիտուլյանտները, եւ ունենա 14 տարեկան արու զավակ, կարծում եմ՝ կնախընտրի լսել ու հավատալ կապիտուլյանտներին»,- ընդգծեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ այլ ելք չկա, քան՝ պայքարելը. «Այս իշխանություններն էլ չեն պայքարում, մենք էլ նրանց հետ չենք կարողանում պայքարել, իսկ քաղաքացուն իշխանությունից ինչ-որ հույս տալիս են, ասում են՝ ինչ-որ ձեւ կա, ինչ-որ բան կտանք, ինչ-որ բան կվերցնենք, պատերազմ չի լինի, տղադ չի զոհվի: Այս իշխանափոխության գաղափարը ազգային հարցն է: Չի կարող Հայաստանը լինել Թուրքիայի մաս ու լինի էժան ձեթ, որովհետեւ ձեթ ընդհանրապես չի լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում











