ՊՆ նախկին շենքում գնակված եւ արտաքսված քաղաքացիներն այսօր՝ փետրվարի 27-ին բողոքի ակցիա են իրականացրել ՊԵԿ-ի դիմաց:
«Մենք ՊԵԿ-ից պահանջում ենք, որ վերադառնանք մեր բնակարանները եւ հետո փորձեն բանակցել մեզ հետ, որ մենք հասկանանք, որ մշտական, անժամկետ մեր հարցը լուծվում է»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Մենք այլ տեղ չենք ուզում գնալ, այլ տեղը, որ մեզ առաջարկել են, մեզ հարմար չի: Մեզնից 10-12 հոգու առաջարկել են 12-15 քմ սենյակներ՝ ընդհանուր խոհանոցով, ընդհանուր սանհանգույցով: Ընդհանուր խոհանոցում չես կարող երեք երեխա պահես, հիգիենայի կանոններ կան: Եթե ասենք, 5 հոգուն տային նորմալ երկու սենյակ՝ նորմալ հարմարություններով, եւ ասեին՝ ապրիր, մինչեւ կկարողանաս քեզ համար մի բան ստեղծել: Կամ ասեին՝ էսքան արժի, ժամանակի ընթացքում մարի, թող բնակարանը մնա քեզ:
Հիմա անժամկետ լուծում պետք է տան, ոչ թե ժամանակավոր ինչ-որ կացարան: Եթե ժամանակավոր կացարան են տալու, մեր տունն էլ էր ժամանակավոր կացարան: Ժամանակավոր ապրում էինք, էլի:
Չեն ասում՝ այդ ժամանակավորն ինչքան է: Սկզբում ասացին 3-6 ամիս: Կամ գումար են ասում՝ մինչեւ 4 անձի համար ամսական 70 հազար դրամ, 5-6 անձի դեպքում 90 հազար եւ մինչեւ 120 հազար դրամ: Երեւանում իրենց ասած գումարներով տուն վարձել հնարավո՞ր է: Հնարավոր չի: Մյուս կողմից ասում են՝ դա դեռ պետք է նիստի դրվի, որոշվի: Այսինքն փողոցում ենք մնալու մինչեւ էդ որոշումները լինե՞ն»,-ասաց նա:
ՊԵԿ-ից որեւէ պաշտոնյա չի իջել եւ չի հանդիպել քաղաքացիների հետ. «Մենք հիմա մոտ 10 հոգով ենք եկել, որովհետեւ եկել էինք ընդամենը զրուցելու, մեր հարցերը տալու, պատասխանները լսելու: Եթե չեն ուզում նորմալ զրուցել, մենք ուրիշ ձեւ կգանք հաջորդ անգամ: Այդ 140 ընտանիքը մի քանի հարյուր հոգի կլինեն, կողքից էլ կմիանան»,-ասաց նրանցից մեկը:
Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։
ՊՆ նախկին շենքից ոստիկանները դուրս են բերում բնակիչների գույքը











