Պաշտպանություն նախարության նախկին շենքից վտարված բնակիչներին, որոնք այսօր՝ մարտի 1-ին, բողոքի ակցիա էին անցկացնում ՊԵԿ-ի առջեւ մոտեցան ՊԵԿ պաշտոնյաները։
Քաղաքացիները կոմիտեի Գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության պետ Էդգար Հովսեփյանին հարցրին, թե ինչու է նրանց շենքից դուրս հանելու համար ընտրվել հենց փետրվարի 16-ը։ Պաշտոնյան հիշեցրեց, որ նրանց Ոստիկանությունը ծանուցել է շենքից դուրս գալու համար, եւ որ դա ՊԵԿ-ի տարածքն է։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները եւ բողոքի ակցիաներ կան այնքան ժամանակ, մինչեւ նրանց կթույլատրվի վերադառնալ շենք։
Լրագրողների հետ զրույցում Էդգար Հովսեփյանը նշեց, որ ՊԵԿ-ի դիմումից Ոստիկանությունը երեք անգամ ծանուցել է շենքի բնակիչներին տարածքը լքելու վերաբերյալ։ Որեւէ պարտավորություն կոմիտեն բնակիչների առջեւ չունի, քանի որ շենքը պետական սեփականություն է համարվում։
«Մենք հոկտեմբերին պարբերաբար այցելել ենք այդ տարածք՝ աշխատանքներ անցկացնելու, այնտեղ բնակիչներ չեն եղել։ Եղել են քաղաքացիներ, որոնք մտել ու դուրս են եկել, բայց բնակիչներ չեն եղել։ Նոյեմբերից է այնտեղ սկսվել ակտիվ բնակեցումը, այդ ժամանակ էլ ՊԵԿ-ը դիմել է Ոստիկանություն, որպեսզի վերացվի ապօրինի ներխուժումը, Ինչո՞ւ իրենց պետք է թույ տրվի այնտեղ բնակվելու, այդ տրամաբանությամբ յուրաքանչյուր քաղաքացի նույն ցանկությունը կարող է հայտնել»,- ընդգծեց Հովսեփյանը։
Հովսեփյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարության շենք են տեղափոխվելու ՊԵԿ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, լինելու է նաեւ Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Այժմ նախագիծը մշակման փուլում է, շինարակական աշխատանքների սկիզբը նախատեսվում է աշնանը։ Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12 ընտանիքի է կացարանով ապահովել։
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։











