Երեւանում զորահանդեսը շարունակել է օդային շքերթը:
Հանրապետության հրապարակի երկնքով, պատկերելով Հայաստանի պետական դրոշի գույները, անցան ՍՈւ-25 գրոհային ինքնաթիռները` գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի գլխավորությամբ: Հաջորդ մարտակարգը գլխավորում է Մարտական ծառայության մեդալի ասպետ գնդապետ Իգոր Մարտիրոսյանը:
Փոխգնդապետ Հարություն Զաքարյանի գլխավորությամբ անցել է ուսումնական Լ-39 ինքնաթիռների խումբը: Այս ինքնաթիռներով իրականացվում է երիտասարդ օդաչուների պատրաստման գործընթացը:
Զինված ուժերի ռազմական ավիացիան ստեղծվել է 1992թ. հունիսի 26-ին: Այդ օրը երեք ուղղաթիռներով, իրականացվեց առաջին մարտական թռիչքը: Զինված ուժերի ավիացիան ղեկավարում է ավիացիայի պետ, գնդապետ Ավետիք Մուրադյանը:
Ավիացիայի շքերթը շարունակել են ուղղաթիռները:
Ազատամարտի ողջ ընթացքում բազմաթիվ թռիչքներ իրականացրած «ՄԻ-24» տիպի մարտական ուղղաթիռների խումբը գլխավորել է 1-ին կարգի օդաչու, Մարտական ծառայության մեդալի ասպետ, գնդապետ Սամվել Սիանոսյանը: ՄԻ-8 տիպի ռազմատրանսպորտային մարտական ուղղաթիռների մարտակարգը ուղեկցել է փոխգնդապետ Սերգեյ Հարությունովը:
Օդային շքերթն ավարտել է ՄԻ-2 ուղղաթիռների խումբը, որը գլխավորել է փոխգնդապետ Արթուր Հակոբյանը: Այդ ուղղաթիռներով ներկայումս իրականացվում են ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտների ուսումնական թռիչքները:
Արցախի ազատագրման մարտական գործողություններին մասնակցելու, ռազմաօդային ուժերի կայացման գործում մեծ ներդրում ունենալու համար 432 ավիատորներ արժանացել են պետական ու գերատեսչական պարգեւների:











