Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն եւ Երեւանը պետք է անշեղորեն պահպանեն բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում կապված Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման եւ Լաչինի միջանցքի օգտագործման հետ։ Այս մասին մարտի 9-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  

«Կարծում ենք, որ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր Երեւանի մասնակցությունը փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնմանը»,-ասել է նա։  

Զախարովան հիշեցրել է, որ ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում նշված է մանրամասն տեղեկատվություն տվյալ միջադեպի մասին (Ադրբեջանի դիվերսիայի-խմբ․)՝ հաշվի առնելով տեղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը։ 

«ԱԳՆ մեկնաբանությունը քաղաքական գնահատական է տալիս տեղի ունեցածին։ Այդ մեկնաբանության առանցքում զսպվածություն ցուցաբերելու, իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում բանակցություններին վերադառնալու կողմերին ուղղված կոչն է։ Ռազմատենչ հռետորաբանությունը ցանկացած կողմից հակաարդյունավետ է, այն չի օգնում խաղաղության օրակարգի առաջմղմանը»,-նշել է Զախարովան։