17-ամյա Հասմիկ Բաղդասարյանն է կեսգիշերին իր սենյակում լսել, որ դարպասը, որն ինքը ժամեր առաջ փակել էր՝ բացվում է։ Ապա Հասմիկը ձայներ է լսել իր սենյակի հարեւանությամբ գտնվող խորդանոցից։ Հասկացել է, որ բակ այլ մարդ է մտել։

«Այդ ժամանակ հնարավորինս լուռ, որ հանկարծ դրսից չերեւամ՝ գնացել եմ մայրիկին արթնացրել ու զանգել ոստիկանություն»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Հասմիկը։

Րոպեներ անց, Հասմիկի ահազանգով նախ պարեկները, ապա մեկ տասնյակից ավելի ոստիկաններ են եկել դեպքի վայր։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ոստիկանները նախ քաղաքացուց պահանջել են դուրս գալ այդ տարածքից։ Տղամարդը դուրս է եկել պարկով դեմքը ծածկած, կացինը ձեռքին ու պահանջել բաց թողնել իրեն։ Ըստ Քննչական կոմիտեի, տղամարդը կացնով անկանոն շարժումներ է արել,  հարձակվել ոստիկանների վրա,  փորձելով վնասել նրանցից մեկին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով նախազգուշական 2 կրակոց  արձակելուց հետո կրակել է տղամարդու կրծքավանդակին։ Ստացված վիրավորումից տղամարդը հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց մահացել է։ 

«Ես դռան մոտ էի, շատ դուրս չէի եկել, ուղղակի լսում էի, որ ոստիկանները զգուշացնում էին հանգիստ պահել։ Ես տեսնում էի, որ կացինը գրեթե հասնում էր ինչ–որ մեկի գլխին։ Տարածությունը մոտ էր իրենց մեջ, ինչ–որ անզգույշ քայլի դեպքում հնարավոր էր կացնով վնաս հասցնել։ Ոստիկանը զգուշացրեց, որ ագրեսիայի դեպքում հրազեն կօգտագործեն։ Առաջին կրակոցից հետո ես ներս մտա, մնացածը չեմ ֆիքսել։

Բաղդասարյանների տուն մտած տղամարդը 46–ամյա Սամվել Թովմասյանն է, որը նույնպես Հրազդանի բնակիչ է։ Հասմիկն ու ընտանիքի անդամները չեն ճանաչում նրան։ Դեպքից հետո են միայն լսել, որ նա Հրազդանից է։ Քաղաքի Վանատուր թաղամասում շատերն են լսել կեսգիշերին տեղի ունեցած դեպքի մասին, բայց նրանց էլ անծանոթ է իրենց հարեւանների տուն մտած 46–ամյա Սամվել Թովմասյանը։ Հասմիկը չի պատկերացնում, թե ինչու է տղամարդն իրենց խորդանոց մտել կամ ինչ կարող էր գողանալ այնտեղից։

«Արժեքավոր բան չկար տանը, հատկապես՝ խորդանոցում։ Շինարարական գործիքներ էին, մուրճեր, կացիններ»,– ասում է Հասմիկը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնցից մեկը գողություն կատարելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով, մյուսը՝ սպանության հատկանիշներով: Արդյոք պարեկը, որը կրակելով սպանել է տղամարդուն, գործել է իրավաչափ, եւ արդյոք խորդանոց մտած տղամարդուն վնասազերծելու բոլոր միջոցները սպառված են եղել, երբ պարեկը նրա կրծքավանդակին կրակելու որոշում է կայացրել։ Այս հարցերի պատասխանները ակնկալվում է, որ կտա քննությունը։