Ես հայտնել եմ իմ համաձայնությունը ընդդիմադիր գործիչներին, որ 44-օրյա պատերազմում հաղթելու հնարավորություն կար: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան հիմա է թվում: Զինված ուժերի 50-ի ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, որ նրանց գլխին գործ են սարքել: Այսօր մենք կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով:
Հիմա հողեր հանձնելու մեղադրանքով մեզ մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ: Բարձրաստիճան զինվորական կա, որ մեղադրվում է Շուշիի գործով: Այդ գործով երբ դատարանը որոշեց կալանավորի, ինձ հմար զարմանալի բան տեղի ունեցավ, որ մեկ էլ ամենատարբեր մարդիկ Հայաստանից, ԼՂ-ից, դատաիրավական համակարգին միջնորդություններ են ներկայացրել, որ կլինի այդ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատենք, ներողամիտ վերաբերվենք:
Իմ արձագանքը հետեւյալն էր՝ բա դուք չէիք ասո՞ւմ, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ինչ է արել, ինչ է տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ոնց է ընկել, ով է տվել Շուշին, ինչու է ընկել Շուշին: Բա ինչի՞ եք բոլորդ, որ սրեր էիք ճոճում, հիմա ուզում եք, որ գործերը առաջ չգնան, փակվեն, ազատվեն մարդիկ; Ինչի՞ համար, որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնեց, էս հանձնեց, էն հանձնե՞ց:
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ամեն ինչի խորքային նպատակը եւ պլանը հենց դա է եղել: Ընդ որում, եթե դա լիներ քաղաքական իշխանության դեմ հնարավոր գործողություն, դա դեռ ոչինչ, բայց դա Հայաստանի պետականության դեմ է»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2021-ի մայիսի 10-ին կառավարության հրաժարականը ուժի մեջ մտնելուց 2 օր անց Ադրբեջանը ներխուժում է իրականացնում Սոթք-Խոզնավար հատվածում. «Մենք այսօր բարձրաստիճան գեներալ ունենք այդ թեմայով կալանավորված: Ինչի՞ համար է կալանավորված, որքան գիտեմ, կալանավորված է նրա համար, որ չի կատարել դիտավորությամբ իր ծառայողական պարտականությունները ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ինչո՞ւ չի կատարել, չկա բացատրություն: Ես ինձ համար գիտեմ բացատրություն՝ ինչու չի կտարել: Ես չունեմ ապացույց, չգիտեմ՝ կունենամ, թե ոչ, բայց փաստերը իրենք իրենց մասին բարձր են խոսում»,-ասաց վարչապետը:











