Բրյուսելյան ֆորմատի հետ կապված մենք վերջերս շատ ակտիվ քննարկումներն ենք ունեցել, այդ թվում ԵՄ խորհրդի նախագահ, իմ բարեկամ Շառլ Միշելի հետ. Այդ քննարկումների արդյունքում եւ դրանից էլ առաջ մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ֆորմատի մեջ: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խնդիրը այն է, որ մենք բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց համարյա ոչինչ չի իրագործվել: Ես 2021-ի դեկտեմբերի 14-ին, բրյուսելյան հանդիպումից հետո ես գրառում արեցի, որ մենք պայմանավորվել ենք, որ Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-հորադիզ երկաթուղին գործարկում ենք, որը պետք է գործի երկրների օրենքներին համապատասխան, այն երկրների տարածքով, որտեղով անցնում է: Ես հենց եռակողմ հանդիպման սենյակից եմ այդ գրառումն արել՝ բովանդակությունը տեղում ստուգելով եւ հարցնելով՝ ճի՞շտ եմ հասկանում, էս ենք պայմանավորվե՞լ: Այո, էս ենք պայմանավորվել: Գրառումից հետո նաեւ կառավարության նիստում եմ արել հայտարարություն, բայց մինչեւ հիմա երկաթուղու շինարարությունը չի վերսկսել: Ի՞նչն է պատճառը, որովհետեւ ուղիղ մեկ շաբաթ անց, երբ պայմանավորվածությունը պետք էր գրավոր ստորագրվեր, Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել:
Բրյուսելի ֆորմատով մենք տասից ավելի այդպիսի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որոնք չեն իրագործվել, ներառյալ գերիների ազատ արձակման եւ վերադարձի վերաբերյալ:
Կա երկրորդ նյուանսը. Կա խոսույթ, որ երբ չկան բանակցություններ, էսկալացիայի վտանը մեծանում է, եւ դա ճիշտ է: Բայց Բրյուսելը ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք անգամ ավելացնում են էսկալացիայի վտանգը: Ես ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումը ընդդեմ Հայաստանի, տեղի է ունեցել Բրյուսելյան հանդիպումից 13 օր հետո»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Հայաստանն այս պահին հայտարարում է, որ համաձայն է բրյուսելյան ֆորմատով աշխատանքը շարունակելուն, բայց եկեք ուրեմն այն, ինչ պայմանավորվել ենք, սկսենք դրանք իրագործելուց. «Որովհետեւ եթե 10-ից ավելի պայմանավորվածություն կա, որոնք չեն իրագործվում, ի՞նչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանք կատարել: Այդ պայմանավորվածությունները վերաբերել են ԼՂ-ին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը եւ այլն: Եկեք սկսենք երկաթուղուց, սկսենք գերիների ազատ արձակումից, սկսենք զորքերի հետ քաշման պայմանավորվածությունից:
ԵՄ միջնորդության հետ կապված մենք ունենք ակնհայտ փաստ, որ մենք Բրյուսելում ունեցել ենք ոչ այդքան արդյունավետ հանդիպումներ, իսկ Պրահայում քառակողմ ֆորմատով ունեցել ենք թերեւս ամենաարդյունավետ բանակցությունները, որոնք կոնկրետ արդյունքով են պսակվել»,-ընդգծեց Փաշինյանը:











