Արցախի նախագահի հետ մենք ամենօրյա շփումների մեջ ենք, ընդ որում, հիմնականում ես եմ նախաձեռնողը, ես զանգում եմ, հարցնում եմ՝ ինչ կա, ինչ չկա, խանութներում ինչ կա: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ կա՞ն իրենց մեջ տարաձայնություններ, մասնավորապես ռուս խաղաղապահների, Ռուսաստանի ներգրավվածության հարցերում, Փաշինյանը պատասխանեց. «Ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցը այն դեպքն է, երբ տեսակետների ոչ մի տարբերություն չունենք: Իսկ մնացած հարցերով, արդյոք կա՞ն տարբեր տեսակետներ: Իհարկե կան, այն բանի բերումով, որ ինքը ԼՂ նախագահն է, ես էլ Հայաստանի վարչապետն է:

Իսկ ի՞նչն է այդտեղ վախենալու, կա բանավեճ, կա խոսակցություն, կա քննարկում, եւ ես հարգում եմ ԼՂ նախագահի եւ ԼՂ ԱԺ-ի, կառավարության, քաղաքացիական հասարակության, բոլորի կարծիքը: Ինձ իրավունք եմ վերապահում նաեւ դիտարկումներ անել այդ կարծիքների վերաբերյալ: Կա՞ արդյոք բանավեճ, քննարկում, այո կա: Այդ բանավեճն ազդո՞ւմ է արդյոք մեր անձնական եւ աշխատանքային հարաբերությունների վրա, եթե ազդում է միայն դրական, որովհետեւ անկեղծության, բացության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը ամենակարեւոր բանն է»,-ասաց նա: