ՔՊ-ում կան բազմաթիվ մարդիկ, որոնք կարող են լինել կուսակցության վարչության նախագահ եւ կուսակցության վարչապետի թեկնածու. եթե պարզվի այդպես չէ, ես իմ կուսակցական գործունեությունը ձախողված կհամարեմ: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ որոշ կարկառուն ներկայացուցիչներ իրենց դիրքավորում են իրենց որպես Նիկոլ Փաշինայնի իրավահաջորդ եւ թիմ են հավաքում իրենց շուրջ, ըստ օդում կախված լուրերի՝ այդպիսի ակտիվություն նկատվում է Սուրեն Պապիկյանի եւ Տիգրան Ավինյանի մոտ:
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջին իսկ ստեղծման օրից եղել է ժողովրդավարական կուսակցություն, ու դա իր հետ բերում է հնավորություններ, սպառնալիքներ եւ խնդիրներ: Լիդերությունը ձեւավորվում է ընտրություններով: Բոլոր համաժողովներում եւ ընտրություններում ես եղել եմ թեկնածուներից մեկը, ես ավելի թեկնածու չեմ եղել, քան մյուսներ, եւ պակաս թեկնածու չեմ եղել, քան՝ մյուսները: Մեզ ծանոթ քաղաքական մենթալիտետի մեջ ձեր ասածը հնչում է սարսափազդու, մեր կուսակցությունում դա սարսափազդու չի հնչում: Կուսակցության վարչության նախագահ չեմ առաջադրվել, չեմ էլ ընտրվել, ինչու դա չեմ արել, որովհետեւ չեմ ուզել, որ ՔՊ-ն լինի մեկ անձի կուսակցություն: Խորհրդարանական կառավարման ժամանակ կուսակցության վարչության նախագահը ավտոմատ դառնում է կուսակցության վարչապետի թեկնածու: Ենթադրենք, մի բան հիմնադրեցինք, ինչ-որ ժամանակ աշխատեցինք, հետո առաջին դեմքի հետ մի բան եղավ, պարզվեց, որ ամեն ինչը փլուզվեց կամ ձախողվեց, դա լավ բան չի»,- ասաց Փաշինյանը:
Նա պատմեց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ինքն իր քաղաքական թիմին հավաքել եւ պահանջել է, որ նրանք իր ներկայությամբ էլ, բացակայությամբ էլ քննարկեն, թե արդյո՞ք ինքն այն մարդն է, որն այս պայմաններում պետք է կուսակցություն առաջնորդի արտահերթ խորհրդարանական ընտրություններում. «Մենք ունեցել բաց եւ անկեղծ խոսակցություն: Ես իմ խնդիրներն եմ ներկայացրել, փորձել եմ հիմնավորել, թե ինչով կարող եմ ես լինել վատ թեկնածու այս պայմաններում, ինչով կարող եմ լավ թեկնածու լինել: Ես երբեք իշխանության ուզուրպատոր չեմ եղել եւ կյանքում չեմ լինի»:
Անդրադառնալով Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի կալանավորմանը՝ Փաշինյանն ասաց. «Բոլորը օրենքի առաջ հավասար են, բայց սա նշանակում է նաեւ, որ ոչ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել: Մեր իրավապահ համակարգը գործում է սկզբունքային եւ ունենք պայմանավորվածություն, որ պետք է 7 անգամ չափել եւ մեկ անգամ կտրել: Ես կարծում եմ, որ մենք ինքներս մեր նկատմամբ պետք խիստ լինենք, քան՝ ուրիշների»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ Փաշինյանը պարբերաբար իրար հակասող հայտարարություններով է հանդես գալիս, եւ արդյո՞ք դա սեպ չի խրում քաղաքացու եւ Փաշինյանի միջեւ, Փաշինյանը պատասխանեց.
«Դուք նկարագրում եք գլոբար փոփոխությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի եւ մեր երկրի վրա: Փլուզվող աշխարհում ենք ապրում: Եթե մենք գտնվեինք փլուզվող շենքի մեջ, բոլորս անկանոն շարժումներ էինք անելու: Դուք նկարագրում եք փլուզվող աշխարհի մեջ մեր՝ տեղավորվելու փորձերը, որոնք միշտ չէ, որ հաջող են եղել: Այդ ամենը վկայում է անկեղծության մասին, ուրիշ ոչ մի բանի: Սուտ չեք նկատի, բայց անկանոնություններ կնկատեք, որովհետեւ մենք տեսնում ենք եւ վերարտադրում ենք, թե ինչ ենք տեսնում»:











