Հաշվարկները, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն 30 տոկոսով կաճի, կանխատեսում է, որտեղ հաշվի են առնված բազմաթիվ գործոններ. Իհարկե, ոչ ոք չէր կանխատեսում, թե ինչպիսի ֆրագմենտացվածություն կառաջանա աշխարհում, որ տարբեր տնտեսական բլոկներն իրարից կառանձնանան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք էլ մեր պլաններն ունենք՝ հյուսիս-հարավի շինարարությունը, հիմա բավական ինտենսիվ քննարկվում է Հայաստան-Եվրոպա արագ տրանսպորտային ուղի կառուցելու հարցը: Գիտեք նաեւ, որ արագ առաջ ենք գնում Գյումրիի չոր նավահանգստի նախագծում: Այս ամբողջը օգնելու է, որ կարողանանք տարածաշրջանի ապաշրջափակումից ստանալ այդ տնտեսական օգուտները:
Այսօր ես կարող եմ ասել, որ եթե առաջ ենթադրում էինք, որ դա 30 տոկոս կլինի, հիմա կարող ենք ակնկալել էլ ավելի շատ: Աշխարհը ֆրագմենտացվում է եւ մենք այդ ֆրագմենտների մեջ ուզում ենք լինել կամուրջ»,-ասաց նախարարը:
Հարցին՝ նման բան պնդելու համար կա՞ հետազոտություն, նա պատասխանեց. «Մենք հենց հիմա թարմացնում ենք այդ հետազոտությունները, աշխատանքային խումբը աշխատում է, մոտակա մի քանի ամիսներին կունենանք ավելի թարմ հետազոտություններ մեր պոտենցիալի վերաբերյալ»:
Ինչ վերաբերում է նրան, թե եթե բացվի միայն Մեղրիի երկաթուղին, դա ի՞նչ կտա Հայաստանին՝ հատկապես հաշվի առնելով, որ մենք 200 մլն դոլար պետք է ծախսենք այդ հատվածը վերանորոգելու համար, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Առաջինը բացվել է Մարգարայի անցակետը, ճիշտ է ժամանակավոր: Արդեն պայմանավորվածություն կա, որ հունիսին կբացվի սահմանը զբոսաշրջիկների համար, երրորդ երկրների համար, պայմանավորվածություն կա, որ վերականգնվի Անիի կամուրջը:
Հիմա մենք գտնվում ենք մի այնպիսի տուրբուլենտ իրավիճակում, որ հնարավոր են տարբեր փոփոխություններ, սրացումներ, ինչ-որ պայմանավորվածությունների հետընթացներ: Բայց այսօր մեր պատկերացրած առաջին կոմունիկացիան, որ պետք է բացվի, հենց հայ-թուրքական սահմանի զբոսաշրջային կտորն է:
Ձեր նշած ճանապարհի բացվելով Հայաստանից Իրան ուղիղ ճանապարհն է բացվելու Երասխի մոտով, ինչը եւս շատ մեծ նշանակություն ունեցող ճանապարհ է մեզ համար երկաթգածային եւ ավտոտրանսպորտային: Մենք չենք կարծում, որ Մեղրիի ճանապարհը կբացվի ավելի շուտ, քան Հայաստանից Նախիջեւանի միջով դեպի Իրան ճանապարհը: Իսկ եթե այդ երկուսն իրար հետ համեմատենք, ապա մեր տնտեսական օգուտները կլինեն շատ մեծ»,-ընդգծեց Քերոբյանը:











