«Ձեր նշած ցուցակում շատ երկրներ կան՝ ԱՄԷ, Չինաստան, Թուրքիա եւ այլն. այդ ցուցակում ընդգրկված լինելն ինքնին ողբերգություն չէ»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ն Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց ընկերություններն օգտագործվում են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու համար:

«Մենք շատ բաց ու թափանցիկ ենք աշխատում թե մեր ԵԱՏՄ գործընկերների, թե արեւմտյան գործընկերների հետ: Մենք անընդհատ քննարկումների մեջ ենք մեր ամերիկացի, եվրոպացի գործընկերների հետ եւ բոլոր հարցերը բաց քննարկում ենք, պատմում ենք, թե  այս կամ այն գործիքակազմ կիրառելն ինչու է  անհրաժեշտ Հայաստանին, բացատրում ենք դրա բացառելու անհնարինությունը, եւ կարող եմ ասել, որ մեր գործընկերները տրամադրված են մեզ հասկանալու եւ մեզ հետ աշխատելու: Հիմա էլ պայմանավորվել ենք, որ ԱՄՆ գործընկերները կուղարկեն մասնագետներ, որպեսզի իրար հետ կարողանանք ավելի համագործակցված աշխատել: Խոսքը առեւտրային սահմանափակումների մասին չէ, խոսքն այն մասին է, որ այն, ինչ անում ենք, անենք ավելի համակարգված, ավելի կարգավորված, ռիսկերը զսպելու մեխանիզմների ներդրմամբ:

Քանի որ մենք չենք ուզում, որ մեր ընկերություններն ընկնեն երկրորդային սանկցիաների տակ եւ փորձում ենք այնպես անել, որ այդպիսի ռիսկեր չառաջանան: Հիմա ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ աշխատում ենք ստեղծել այն միջավայրը, որը հեռու կպահի հայկական ընկերություններին երկրորդական սանկցիաների տակ ընկնելու ռիսկից»,-ասաց նախարարը: