Ամենօրյա ապատեղեկատվությունը, ամենօրյա սխալ տեղեկությունների տրամադրումը, այդ թվում տեղեկություններ, որոնց հրապարակումը հօգուտ թշնամու է. այդ ամենը թուլացնում է մեր երկրի անվտանգությունը: Այս մասին, յսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Երեկ ես տեղեկություններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տավուշում  է: Ո՞րն է սրա նպատակը, եթե սա չի ուղղորդվում այլ երկրից: Ընդ որում, կապ չունի՝ որ երկրից: Կապ չունի՝ 5-րդ շարասյունը կամ դրան աջակցողները ինչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադիր են, թե ոչ, սովորական քաղաքացիներ են, գուցե լրագրող են, ես չգիտեմ: Ամեն դեպքում, ի վնաս Հայաստանի է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դավաճանության վերաբերյալ հարուցված կոնկրետ քրեական գործերին , նախարարն ասաց. «Դրա հետ կապված տեղի է ունենում նախաքննական եւ քննչական գործողությունների փուլ: Երբ պատկան մարմինները կտան գնահատականներ, երբ դատարանը կունենա որոշումներ, բոլորիս համար պարզ կլինի, թե ովքեր են այն մարդիկ, որոնք ներսից թուլացրել են մեր բանակը: Ներսից թուլացնելը չի նշանակում, որ ուղղորդումը միայն ներսից է: Խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներքին խարդավանքներին:

Որեւէ դավաճանության, որեւէ քրեական գործի, որեւէ անձի , որեւէ երկրի, այդ թվում հոգով 5-րդ շարասյան ՀՀ քաղաքացիների, որոնք չեն ուղղորդվում որեւէ երկրի կողմից, ես չեմ կարող ասել տվյալներ, որոնց չեմ տիրապետում: Ես խոսեցի երեւույթների մասին, որն ամեն օր մեզ տեսանելի է եւ տեսանելի է եղել»:

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր համոզմամբ, մենք պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն:

Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն. Փաշինյան