Մեր բանակը սպառազինված է այնքանով, որքանով հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել միջոցներ. Ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք դրանով: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք գնում, դա գաղտնի է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հնդկաստանից սպռազինություն գնելու մասին հնդկական մամուլի հրապարակումներին, նախարարն ասաց. «Ես հնդկական մամուլին չեմ անդրադառնալու, չեմ անդրադառնալու ռուսական մամուլին, իրանական մամուլին»:
Նա անդրադարձավ նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ սպառազինության եւ անձնակազմի 50 տոկոսը չի օգտգործվել. «Ես չեմ կարող ասել, թե ինչի մասին է խոսել Սերժ Սարգսյանը: Կարծում եմ՝ հարցը պետք է տալ նրան, որ նշի, թե ինչ զենքերի մասին է խոսքը, ինչ կերպ դա պետք է կիրառվեր, եւ ովքեր չեն դա կիրառել: Դա Սերժ Սարգսյանի դաշտում է: Կխոսի՝ կպատասխանենք, կամ կպատասխանեն համապատասխան մասնագետները»:











