Հրազդանում երկու օր առաջ ոստիկանների կողմից 46-ամյա տղամարդուն սպանելը նշանակում է, որ ոստիկանները իրավիճակին չեն տիրապետել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը:
«Այդ ոստիկանները պարզապես անգրագետ են գործել, նրանք չեն տիրապետել իրավիճակին: Հրազենի կիրառումը եւ՛ օրենքով է նախատեսված, եւ՛ գերատեսչական ակտերով է սահմանված: Սովորաբար լինում են նախազգուշական կրակոցներ եւ այլն: Շրջապատի մարդկանց եւ ոստիկանի կյանքին ու առողջությանը վտանգ ներկայացնող հանցագործին կյանքից զրկելն ամենածայրահեղ քայլն է: Օրինակ՝ եթե կացնով զինված մարդը շատ ուղղակի, անմիջական, իրատեսական վտանգ է ներկայացնում շրջապատի կյանքին ու առողջությանը, եւ եթե այլ հնարավոր մեթոդ կամ միջոց չկար, օրինակ՝ ոչ կենսական օրգաններին կրակելու, ապա միայն այդ դեպքում կարող է կիրառվել»,- նշեց Գագիկ Համբարձումյանը:
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել հանցագործի նկատմամբ:
Երկար տարիներ համակարգում աշխատած Համբարձումյանը հիշեցրեց՝ Ոստիկանության ակադեմիայում 4 տարի բարձրագույն կրթություն ստանալուց հետո, դեռ 2 տարի եւս պետք էր սովորել, ապա փորձառություն ստանալու համար պրակտիկա անցնել, իսկ այժմ իրավիճակն այլ է, պարեկները նույնիսկ քրեական դատավարության օրենսգրքին ծանոթ չեն:
«Ոստիկանությունը իշխանության լծակներից է, հետեւաբար եթե իշխանությունը հանցավոր ու այլասերված է, ապա նրա բաղադրիչը չի կարող լինել նորմալ: Այդ գովազդված բարեփոխումների անվան տակ անհասկանալի կառույց ստեղծեցին, եթե սա հանցավոր ծրագրի իրականացում չէ, ապա խեղկատակություն է: Դրանց կողմից հերթական այլանդակությունները թույլ են տալիս ենթադրելու, որ հաջորդիվ սպասենք շատ ավելի զավեշտալի ու խայտառակ իրավիճակների: Ոստիկանության հիմնական նպատակը հանցավոր ընտանիքի անդամների պահպանությունն է, վախի ներշնչում, սարսափ տարածում ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Այն կազմը, որը հավաքել են, օբյեկտիվորեն պետք է հանգեցներ նման խայտառակությունների եւ հանցավոր դրսեւորումների»,- ընդգծեց Համբարձումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում











