Այն մեղադրանքները, որոնք գրված են մեղադրանքում, որեւէ կերպ չէին կարող առնչվել դեղակայուն բաժանմունքի վարիչի, որն այժմ տնային կալանքի տակ է, եւ որեւէ փոխնախարարի հետ, որովհետեւ նրանք նման վերահսկող գործառույթ չունեին եւ չէին կարող ունենալ։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

«Բացառությամբ այն դեպքերի, եթե հատուկ կազմակերպված հանցավոր խումբ չէր աշխատում, ինչի վերաբերյալ առնվազն ես տեղեկություն չունեմ, եւ հրապարակման մեջ էլ այլ բանի մասին է խոսվում։ Այս ամեն ինչը չեմ կարող ասել, որ ինձ հետ կապ ունեն, ես հստակ իմ երկու հայտարարություններում կետերով նշել եմ խնդիրների վերաբերյալ, եւ հույս ունեմ, որ այն մարմինները, որոնք զբաղվում են դրանցով, կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել, եւ ի վերջո, արդարադատությունը կհաղթի։ Բոլոր հարցերը պետք է պատասխաններ ստանան՝ հակառակ դեպքում կստացվի, որ ցանկացած պաշտոնյայի ինչ-որ բան չանելու համար կարելի է դատի տալ՝ անկախ այն բանից ինքը դա պետք է աներ, թե՝ ոչ»,- նշեց Թորոսյանը։

Արսեն Թորոսյանն ասաց, որ իրեն հարցաքննության չեն կանչել՝ թեպետ ինքն առաջին օրվանից հայտարարել է, որ պատրաստ է հարցաքննվելու։ 

«Դա բարձրացրածս հարցերից ամենակարեւորն է, որովհետեւ ինձ եւ գործող նախարարին հարցաքննելու դեպքում մեղադրանքն առ ոչինչ կդառնա՝ չնայած, որ արդեն առ ոչինչ է։ Ես որեւէ տեղ չեմ սխալվել։ Ես Գեւորգ Սիմոնյանի ժամանակ ընդամենը մեկ անգամ եմ նախարար եղել»,- ասաց Թորոսյանը։

Պատգամավորը հերքեց տեղեկությունը, որ Դատախազությունը միջնորդություն է ներկայացնելու իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար, եւ ինքն էլ ցանկանումէ  վայր դնել մանդատը։