Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները պետք է նայել հետեւյալ տրամաբանության մեջ. ինքը խաբել ու ձախողվել է խաղաղության օրակարգում, շատ լավ դա հասկանում է, հիմա փորձում է մեղքն իր վրայից գցել, եւ այս պահին թիրախում են հայտնվել ռուս խաղաղապահները եւ իր մեսիջը հետեւյալն է՝ ժողովուրդ ջան, դե ես չեմ կարողանում Ղարաբաղի հարցը լուծել, Հայաստանի անվտանգությունն էլ հարցականի տակ է հայտնվել, բայց ես ի՞նչ կարող եմ անել: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Իր բերած քաղաքականությունն է, որ դառնում է պատերազմի պատճառ, իր քաղաքականությունն է Ալիեւին թեւեր տվել, որ շրջափակման մեջ պահի Արցախը, որովհետեւ Պրահայում հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ընդունել է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Պրահայում վերախմբագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ Լաչինի միջանցքը կարգավիճակ ուներ: Այդ կարգավիճակը ոչնչացվել է: Նաեւ դա է պատճառը, որ Ալիեւը դիմեւմ է նման հանցավոր քայլերի»,-ասաց նա:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե էսկալացիայի վտանգը շատ մեծ է, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է Հայաստանում, Հայաստանն ամեն օր պետք է սպասի էսկալացիայի վտանգ, անկախ նրանից կան խաղաղապահներ, թե ոչ, կան ԵՄ դիտորդներ, թե ոչ: Իր քաղաքականությունը պատերազմ բերող քաղաքականություն է: Իրենք պատերազմի եւ պարտության կուսակցություն են:
Ամենամեծ վտանգն այն է, որ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական կռվախնձոր եւ հայտնվել բախումների կիզակետում: Հայաստանը մտել է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ բախման մանրադրամային տրամաբանության մեջ, ես ենթադրում եմ՝ անձնական անվտանգության երաշխիքներ ստանալով Արեւմուտքից: Երբ կան մրցակցող երկու հարթակներ, վաշինգտոնյան հարթակի տրամաբանությունն այն է, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, Մոսկվայի հարթակի տրամաբանությունն այն է, որ հարցը թողնենք հետագային: Մեզ ձեռնտու է մոսկովյան հարթակը, բայց Նիկոլն Փաշինյանը ոչնչացրել է այդ հարթակը»,-ընդգծեց Թեւանյանը:
Նա ընդգծեց, որ Արցախը պետք է դեմ գնա այս գործընթացներին, բայց նա մասամբ կարող է ազդել իրավիճակի վրա, որովհետեւ հարցերը առայժմ Երեւանում են լուծվում. «Հայաստանի վարած քաղաքականությունն է պրոբլեմը, Արցախը դրա արդյունքներն է ճաշակում: Արցախի դիրքորոշումը հասկանալի է, ի՞նչ ինտեգրացիայի մասին է խոսքը, այնտեղ հայ չի մնա»,-ասաց նա:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում:











