Մենք կարող ենք մեկնաբանել միայն այն, ինչ ամրագրված է, եւ իրականացման աստիճանը, եւ այն, ինչ տեղի է ունենում տեղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պետք է պաշտպանի Ղարաբաղը, եթե Ադրբեջանը ցանկանա վերահսկողության տակ վերցնել խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքները։

Զախարովան պատասխանել է, որ կարող է մեկնաբանել միայն այն, ինչ կատարվում է այս պահին։

«Տեղին չէ, սխալ է եւ այս դեպքում շատ վտանգավոր է պատմել, թե ինչ կլիներ, եթե ինչ-որ բան պատահեր։ Դա կհանգեցներ շահարկումների, ակնարկների եւ այլն։ Եթե տեղի ունենա մի բան, որը արձագանք է պահանջում, մենք կարձագանքենք։ Մոդելավորմամբ զբաղվելը չափազանց վտանգավոր է»,-ասել է Զախարովան։