Ես չեմ նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցի քննարկումը եւս կա, ես կարծիք եմ հայտնել, որ հնարավոր է այդ հարցը քննարկվի Մոսկվայում, որտեղ քննարկվելու են հարցերի լայն շրջանակ, կարծում եմ՝ շատ հավանական է, որ այդ հարցը այս կամ այն կողմից բարձրացվի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Տեղյակ չեմ, որ որպես առանձին հարց օրակարգում կա այն, բայց չեմ բացառում, որ այն հնարավոր է քննարկվի»,- ընդգծեց Պարույր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։
Նշենք՝ Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին։
Հարցին, թե Լաչինի միջանցքի փակ լինելու հարցը արտգործնախարարների հանդիպման օրակարգում կա, փոխարտգործնախարարն ասաց, թե տեղյակ չէ օրակարգի հարցերից։
«Դա իմ պատասխանատվության ոլորտը չէ, բայց ինչպես Ռուսաստանի հետ միշտ եղել է, մենք պատրաստ ենք քննարկման յուրաքանչյուր հարցի շուրջ»,- նշեց փոխարտգործնախարարը։
Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ վարչապետի մարտի 14-ին արված հայտարարությանը, թե փետրվարի կեսերին Հայաստանը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ հերթական արձագանքը փոխանցել է Ադրբեջանին եւ 2-3 օր առաջ ստացել է Ադրբեջանի արձագանքը այդ նախագծին վերաբերյալ: Փաշինյանը
նշել էր, որ որոշակի առաջընթաց են տեսնում, բայց որքան առաջընթաց են տեսնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ:
Հարցին, թե ֆունդամենտալ խնդիրները վերաբերո՞ւմ են Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պրոցեսին, թե Լեռնային Ղարաբաղի հարցին, փոխարտգործնախարարն ընդգծեց՝ բոլոր նշված ասպեկտներին։
«Բավական է ուսումնասիրել Ադրբեջանի նախագահի թուրքալեզու պետությունների ելույթը, արդեն կպատկերացնեք՝ ինչի մասին էր խոսքը։ Բացեիբաց նշվել են այդ խնդիրները, որոնց հետ բախվում ենք թե՛ պայմանագրի բանակցությունների, թե՛ հարցի քննարկման ընթացքում։ Հատուկ առանձնացված հարցեր չեմ կարող բերել, ակնհայտ էր նրա վերջին ելույթը ընթերցելիս»,- ասաց նա։
Փոխարտգործնախարարն ընդգծեց, որ Բաքվի հռետորաբանությունը խնդրահարույց է, որը չի նպաստում թե՛ խաղաղության պայմանագրի աշխատանքներին, թե՛ տարածաշրջանի կայունացմանը։ Նրա խոսքով՝ հռետորաբանությունը վերաբերում է նաեւ միջանցքի տեսքով տարածքային պահանջներ ներկայացնելուն։
Պարույր Հովհաննիսյանը հայտնեց նաեւ, որ դեռեւս այն փուլում չեն, որ հստակ պատասխանեն հարցին՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն ու Լեռնային Ղարաբաղի հարցը առանձին պրոցեսներ են, թե ոչ։











