Վերջին ժամանակահատվածում ես զգում եմ, որ ԲԴԽ-ն որոշակի քայլեր է անում դեպի դատավորների երաշխավորը լինելուն: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը:
«Եթե դատավորների աշխատանքը քչանա, այսինքն՝ դատավորների քանակն այնքանով շատանա, որ կարողանան լիարժեքորեն քննել գործերը, արդեն դա երաշխիքների մասին է վկայում, որը կարծես՝ նախագծման փուլում է: Հույս ունենք, որ կարճ ժամանակ հետո մոտ 80 դատավորով համակարգը կհամալրվի: Այդ պայմաններում արդեն որոշակիորեն կնվազի գործերի քանակը, դրանով էլ կդառնա երաշխավորը դատավորների»,- նշեց Պապոյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում դատավորների լիազորությունների դադարեցման մասին ԲԴԽ որոշումներին՝ Պապոյանն ասաց. «Դատարանի որոշում են դրանք, իսկ դրանք ինչպես իմ կողմից կայացված դատական որոշումները որեւէ այլ դատավոր իրավունք չունի կասկածի տակ դնել, այդպես էլ ԲԴԽ-ի որոշումները որեւէ մեկն իրավունք չունի կասկածի տակ առնել, առավել եւս դատավորների կողմից»:
Անդրադառնալով մի շարք դատավորների՝ ռեզերվ ուղարկելու որոշմանը, եւ հարցին, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում, հետագայում նա արդարացվում է, ինչո՞ւ նա պետք է ուղարկվի ռեզերվ, այնուհետեւ վերադառնա դատական համակարգ, դատավորն արձագանքեց. «Կարծես՝ այդքան էլ լավ բան չէ, եթե դատավորը հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում, եւ դրանով պայմանավորված իր լիազորությունները կասեցվում են, այսինքն՝ կա անմեղության կանխավարկածի տեսանկյուն: Ես դա կապում եմ այն հանգամանքի հետ, որ վերջին ժամանակահատվածում ինչպես քրեակն գործերը, այնպես էլ դատավորներին վերաբերող քրեական գործերը տարիներ շարունակ քննվում են ծանրաբեռնվածությամբ: Այդ գործերի մեծածավալությամբ պայմանավորված տեւական ժամանակ քննվում են, եւ այդ դատավորները առանց աշխատանքի ստանում են աշխատավարձ»:
Մանրամասները՝ տեսանյութում











