Ազգային ժողովի հայտարարության նախագիծը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման քննարկման վերաբերյալ չի ընդգրկվել մարտի 21-ին սկսված հերթական քառօրյայի օրակարգում։

Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ջանքերով մինչ այդ նախընտրել էր ձեռնպահ մնալ այդ նախագծի քննարկման ժամանակ՝ դա փաստարկելով նրանով, որ Ազգային ժողովն արդեն հանդես է եկել հանապատասխան հայտարարություններով եւ գնահատականներով։

Նախագծի սկզբնական տեքստը պատրաստվել էր դեռեւս դեկտեմբերին, սակայն քվեարկությունը հետաձգել էին։ Ինչպես նշել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, ընդդիմությունը խմբագրել էր նախագիծը, քանի որ իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ փոքր-ինչ փոխվել է։ Այժմ, նրա խոսքով, շրջափակված է ոչ միայն միջանցքը։ Ադրբեջանն Արցախի հանդեպ իրականացնում է ռազմաքաղաքական ագրեսիա, սադրանքներ եւ դիվերսիաներ։ «Այդ հանցավոր գործողություններն ուղղված են  հայերին վտարելուն եւ էթնիկ զտումներին։ Եվ Բաքվում դա չեն թաքցնում։ Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը»,- ընդգծել է խորհրդարանականը։

Պատգամավորի կարծիքով՝ Լաչինի միջանցքը փակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Պրահայի պայմանավորվածությունից հետո։ Ընդդիմադիր գործիչը համոզված է. Ադրբեջանի նախագահն իր ձեռքին ունի մի ինչ-որ քարտ-բլանշ։ «Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչն, իր հերթին, Բաքվին հնարավորություն է տվել խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,- նշել է Թեւանյանը։ Դրանից օգտվելով՝ Ալիեւը փաստորեն «խմբագրել» է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Հիմա Բաքվում կարծում են, որ Լաչինի միջանցքի նկատմամբ էլ իրավունք ունեն։

Նա նաեւ կոչով դիմել է ռուսական կողմին։ Մասնավորապես, ռուսական խաղաղապահ զորակազմին։ Նրա խոսքով՝ խաղաղապահները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները եւ քայլերը՝ Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման համար։

Իր հերթին, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի մասին։ Դա տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 14-ին։

«Մենք դիմել ենք «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությանը՝ առաջարկլով քննարկել այդ նախագծի տեքստը, սակայն կողմերն այդպես էլ չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի մի շարք ձեւակերպումների վերաբերյալ»,- հիշեցրել է Կարապետյանը։