Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման գործընթացը տանել փակուղի՝ հետապնդելով Արցախի բնակչության ցեղասպանության քաղաքականություն, Հայաստանի ինքիշխան տարածքների նկատմամբ կիրառելով ագրեսիա: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Հայաստանի հավատամքն այն է, որ մենք պետք է հասնենք խաղաղության ի հեճուկս ադրբեջանական կողմի մղումների, որովհետեւ այդ մղումները այս պահի դրությամբ առնվազն բավականին ռազմատենչ են»,-ասաց նա:
Հարցին, թե երբ կկնքվի խաղաղության պայմանագիրը, Ալեքսանյանը պատասխանեց. «Հույս ունենք, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա, բայց դրա հետ մեկտեղ վստահ ենք ու մեզ պարտավորված ենք համարում ստորագրելու այնպիսի խաղաղության պայմանագիր, որը հենց կհամապատասխանի իր վերնագրին և կբերի խաղաղություն, և ոչ թե հերթական քարտ բլանշը կտա Ադրբեջանին»:











