Ագրեսիայի վտանգ մշատապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսեւորվող կառուցողական մոտեցումից: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Աժ-ում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս օրերին, երբ ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության եւ սպառնալիքների, պետք է փաստենք, որ, այո,  նոր ագրեսիայի վտանգ եւ Հայաստանի դեմ, եւ ԼՂ-ի դեմ, ընդ որում ԼՂ-ի դեպքում էթնիկ զտոըւմների եւ ղցեղասպանության դրսեւորումների տեսքով, իսկապես կա»,-ասաց նա:

ԱԳ նախարարը խոսեց նաեւ Հաագայի դատարանի որոշման մասին՝ նշելով. «ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից համապատասխան որոշմամբ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքում անխափան երթեւեկությունը այնպես, ինչպես դա ամրագրված է, բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Մինչեւ հիմա բազմաթիվ են գործընկեր պետությունները, որոնք այս նույն կոչով հանդես են գալիս:

Կարծում եմ՝ միջազգային հանրություն  այստեղ իսկապես  անելիք ունի, պետք է ավելի գործուն միջոցներ կիրառեն:

Գիտեք, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար: Չկատարման դեպքում պետք է դրանից ինչ-որ հետեւանքներ բխեն, այլապես ընդհանրապեսդ միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի»: