Առաջիկայում հնարավոր է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարների միջեւ հանդիպում տեղի ունենա: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Ազգային ժողովում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Անցած տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր նման եռակողմ հանդիպում, բայց մենք հետաձգեցինք մեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որովհետեւ Լաչինի միջանցքն ապօրինի կերպով փակվել էր Ադրբեջանի կողմից, եւ Լեռնային Ղարաբաղում շատ սուր կարիք կար սննդի եւ առաջին անհրաժեշտության պարագաների: Պարզ է, որ բանակցություններն այս պահին հեռավար տեսքով են ընթանում, որովհետեւ մենք փոխանակում ենք խաղաղության պայմանագրի նախագծի մեր տարբերակները, բայց ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսել ֆիզիկական հանդիպումները»,- ասաց Միրզոյանը:
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ մարտի 20-ին տեղի ունեցած հանդիպումը բավական կառուցողական էր եւ անկեղծ: Հայկական կողմը ներկայացրել է վերջին զարգացումները, ուշադրություն հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երեք երկրներ պայմանավորվել են այն մասին, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողությունը, եւ Ադրբեջանը երաշխավորում է այդ միջանցքով երկկողմ երթեւեկությունը: Երկու երկրներն անելիք ունեն, Ադրբեջանը պետք է ապահովի, Ռուսաստանը՝ վերահսկի»,- նշեց Արարատ Միրզոյանը:











