Հիմա իշխանությունը կրկնում է այն բոլոր գնահատականները եւ տեսակետները, որոնք ընդդիմադիրներն արել են «Դիմադրություն» շարժման ժամանակ եւ դրանից հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Նիկոլ Փաշինյանը, թեեւ արդեն հինգ տարի է՝ իշխանություն է, սակայն իրեն պահել է դասական ընդդիմադիրի նման։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթում մեծ փոփոխություն չկա։ Երբեմն այնպիսի դժգոհություններ է հայտնում՝ կարծես իշխանությունը ոչ թե ինքն է, այլ «Հայաստան» դաշինքը։ Վերջին հայտարարություններով արձանագրում է, որ կա էսկալացիայի վտանգ։ Մենք դեռեւս նոյեմբերի 9-ից հետո էինք արձանագրել, որ Ղարաբաղյան հարցը չի լուծվել, Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության հարցը չի լուծվել։ Բայց ի տարբերություն ընդդիմության, պետք է պատասխանել մեկ հարցի՝ իրենք ի՞նչ են անում այդ էսկալացիան կանխելու համար»,- նշեց Ագնեսա Խամոյանը։

Պատգամավորի խոսքով՝ հիմա իշխանությունը միայն արձանագրումներ է անում էսկալացիայի մասին, արձանագրում, որ Ալիեւը ցեղասպան քաղաքականություն է ցանկանում իրականացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ։

«Փաշինյանը պետք է պատասխանի՝ ի՞նչ է արել մինչեւ սեպտեմբերի 27-ը դա թույլ չտալու համար, ինչ է արել նոյեմբերի 9-ից հետո դա թույլ չտալու համար։ Իրենք, որ սիրում են խոսել, թե ինչ է բանակցվել 20 տարում, չեն ասում, թե, ի վերջո, ինչ են բանակցել այս հինգ տարիների ընթացքում։ Մենք ունենք իրավիճակ, որ լարվածությունն աճում է, բանակցություններում չի հաջողվում կողմերին գտնել ընդհանուր եզրեր, եւ սա այն դեպքում, որ հարցը լուծվելու է պայմանական Արեւմուտքի տարբերակով, որով իրենց տարբերակն այն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ինձ համար անհասկանալի է՝ ովքե՞ր են լինելու իրենք, ի՞նչ մեխանիզմ են գործի դնելու, որովհետեւ ակնհայտ է, որ լկտիացած Ադրբեջանին այս պահի դրությամբ որեւէ բան չի խանգարում ռուս խաղաղապահների ներկայությամբ անգամ իրավիճակը սրել։ Կարելի է արձանագրել, որ առանցքային հարցերի շուրջ չկան պայմանավորվածություններ»,- ընդգծեց Խամոյանը։