ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ-ի հանրահավաքում քաղաքացիական անհնազանդության կոչ է արել:
«Օտարերկրյա ներկայացուցիչների հետ մեր հանդիպումների հետ մենք ներկայացնելով զարգացումները Հայաստանում, կոնգրեսի ապագա անելիքները, միջազգային հանրության ուշադրությունն ենք սեւեռում այն զարգացումների վրա, որ կարող են տեղի ունենալ Հայաստանում: Աշխարհը պետք է ավելի մեծ պատասխանատվության վերաբերվի Հայաստանում կատարվողին»,- ասաց նա:
«Հայ ժողովուրդը կանգնած է ծանր իրողությունների առջեւ: Այն բանից հետո, երբ իշխանությունները ազատ արձակեցին քաղբանտարկյալներին եւ սկսեցին երկխոսություն մեր, այսինքն ձեր հետ, հիմքեր կային մտածելու, որ սթափվել են, հասկանում են, որ չեն կարող կառավարել հին մեթոդներով, ստիպված կլինեն զիջումների գնալ: Սակայն այսօր կարելի է արձանագրել, որ իշխանությունները դադարեցրել են ժողովրդի ճնշման տակ բանակցություններով իշխանության հանձնման գործընթացը:
Հայաստանի իշխանությունները ճանապարհի կեսին կանգ են առել եւ դադարեցրել են հետագա զիջումները, ավելին նորից ունենք մեկ քաղբանտարկյալ»,- նշեց Զուրաբյանը:
Նրա խոսքով, իհարկե կարելի է զանազան բացատրություններ փնտրել, ներառյալ այն, որ Ղարաբաղի հարցում հզոր ճնշումներ չկան եւ Սերժ Սարգսյանն իրեն ապահով է զգում, բայց սա որոշիչ չէ: «Սերժ Սարգսյանը մտածում է, որ զիջումներով թուլացրել է լարվածությունը, Կոնգրեսին մեղադրելով ծախվածության մեջ, եւ այդ հիստերիային միացան սպասարկու բոլոր կուսակցությունները, եւ որ Կոնգրեսը այլեւս չի կարող լուրջ պայքարի գնալ»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչն ու հարց ուղղել հավաքվածներին. «Պատրա՞ստ ենք արդյոք մեր նպատակի իրագործման համար պայքարել մինչեւ վերջ»: (Այո, վանկարկեցին հավաքվածներին): «Կոչ ենք անում ժողովրդին պատրաստվելու քաղաքացիական անհնազանդության հաղթարշավին»,- ամփոփեց նա:
Տեսանյութը՝ Աըսեն Սարգսյանի











